August-2 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու խաղաղությունը՝ քո անձի մեջ 

Աստծու խաղաղությունը՝ քո անձի մեջ 

Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը և շարունակում ենք խոսել մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր անդրադառնալու ենք մարդու հոգու մեծագույն փափագին՝ Աստծու խաղաղությունը մեր անձի ներսում ունենալու թեմային։

Սիրելի՛ բարեկամ, ինչպես քննարկեցինք մեր նախորդ ուղերձի մեջ, Տեր Աստծու խաղաղությունը գալիս է մեր սրտերի մեջ, երբ մենք հաշտության հարաբերություն ունենք Արարիչ Աստծու հետ։ Աստծու հետ հաշտ լինելն առաջին հերթին նշանակում է համաձայն լինել Նրա հետ և հնազանդվել Նրա կամքին։

«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):

Տեր Հիսուսն ուսուցանում էր և աշակերտներին բացատրում չերևացող հոգևոր աշխարհի սկզբունքներն ու օրենքները, որպեսզի աշակերտները չապրեին մյուս մարդկանց նման, այլ ունենային հավատքի հերոսական կյանք։ Տեր Հիսուսի Քրիստոսի ուսուցումներին ու Նրա կամքին հնազանդ կյանքով ապրելը Քրիստոսի աշակերտի կյանքում անխուսափելիորեն նեղություններ է առաջ բերելու աշխարհի մարդկանց կողմից։

Սակայն Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ աշակերտները չպե՛տք է վախենան նման նեղություններից, քանի որ Ինքը հաղթել է աշխարհին։ Տերը Իր խաղաղությունն է փոխանցում Իր խոսքերին ու Իր կամքին հնազանդ Իր աշակերտներին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ դժվարություններով ես անցնում այսօր։ Ի՞նչ է գողացել քո սրտի խաղաղությունը։ Գուցե քո կյանքի հարատև դժվարություններից եկած հոգնածությունը․․․ Գուցե երկար ժամանակ կատարված աղոթքների անպատասխան մնալը․․․ Քո կյանքի իրավիճակները, խնդիրները, հարաբերությունները, ընտանիքը, ֆինանսները, առողջությունը, հարազատները․․․

Ինչն էլ պատճառ եղած լինի քո խաղաղության կորստի, միշտ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը կարո՛ղ է վերկանգնել քո սրտի խաղաղությունը՝ Իր խաղաղությունը քեզ փոխանցելով։ Իսկ Տիրոջ խաղաղությունն ընդունելու համար դու պետք է նվիրվես Իր Խոսքը ճանաչելուն, հավատա՛ս Աստվածաշնչի ուսուցանած ճշմարտություններին և նվիրվես Աստծու կամքը այս երկրի վրա կատարելուն։ Ընդ որում, Աստծու կամքը կարող ես կատարել անգամ քո կյանքի ամենածանր իրավիճակներում, եթե որոշես դրանց արձագանքել այնպես, ինչպես Աստված է ուսուցանում Իր Խոսքի մեջ։

Աստծու խաղաղությունը գալիս է Նրա կամքին հնազանդվելուց։ Քո հոգին փափագում է Աստծու խաղաղությանը։ Ե՛կ նվիրվենք Աստվածաշնչի մեջ Աստծու կամքը ճանաչելու ընթացքին։ Ե՛կ փափագենք Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելուն, և Աստծու խաղաղությունը կլցվի մեր հոգու ու սրտի ամենախորը անկյունները։ 

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: