October--10

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու իրական շնորհքը սրբության կյանքի փափագ է ծնում

Աստծու իրական շնորհքը սրբության կյանքի փափագ է ծնում

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Աստծու մեծագույն շնորհի մասին, որը դրսևորվում է մեր մեղքերի ներման մեջ, և տեսանք, որ այն ընդունելու միակ միջոցը հավատքի առկայությունն է։ Կա՞ հավատք՝ կա՛ մեղքերի ներումը։ Տեսանք նաև, որ իրական ու ճշմարիտ հավատքի ապացույցը ապաշխարող սրտի առկայությունն է։

Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ խոսելու ենք Աստծու գերազանց շնորհի մեկ այլ դրսևորման մասին։ Հավատացյալի կյանքում մեծագույն կարևորություն ունի Աստծու շնորհի ճիշտ ընկալումը։ Հուդա առաքյալը մեզ զգուշացնում է, որ չլինենք անհավատների նման, որոնք սահմանված են հավիտենական դատաստանի համար։ 

Այսպիսի մարդիկ ազատորեն մեղք են գործում, ապրում ագահության ու անառակության կյանքով և իրենց արդարացումը գտնում Աստծու շնորհի մեջ՝ ասելով, թե իբր Աստված իրենց մեղքերը կների, քանի որ իրենք Աստծու շնորհի տակ են, անգամ եթե իրենք չեն ապաշխարում և չեն պայքարում, որպեսզի իրենց կյանքից հեռացնեն դրանք։

«…որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին» (Հուդա 1․4):

Իսկ ի՞նչ օգնություն է բերում Աստծու շնորհը հավատքով փրկված մարդկանց կյանքերում։ Առաջին փոխակերպումը, որը տեղի է ունենում Աստծու շնորհն ընդունած մարդու կյանքում, սրբության կյանքով ապրելու փափագն է։ Դեռ չեմ խոսում այդ կյանքն ապրելու զորության և ուժի մասին։ Սակայն եթե մարդը չունի սրբության կյանք ապրելու փափագ, ապա նա կա՛մ չի ընդունել Աստծու շնորհը, կամ այնքա՜ն է խարազանել սեփական խիղճը, որ այլևս չի արձագանքում Տեր Աստծու սրտի փոխանցած ազդակներին։

«…սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 5․16-17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Աստծու շնորհն ընդունած մարդն ընդունում է Քրիստոսի բնույթը, որը սրբության և աստվածավախության կյանքի մարմնավորումն է։ Քրիստոսի միջոցով է, որ մենք սկսում ենք իշխել մեղքի վրա, թեև նախկինում մեղքի ստրուկներն ենք եղել։ 

Նախկինում մեղքն էր մեզ վրա իշխում՝ ստիպում էր մեզ անելու բաներ, որոնց համար հետո ամաչում էինք ու ընկնում ինքնադատապարտության մեջ։ Իսկ հիմա  Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ ազատագրված լինելով մեղքի ու մահի իշխանությունից՝ մենք ենք իշխում մեղքի վրա և ստիպում ենք նրան հեռանալու մեր կյանքից ու չենք տրվում դրա թունավոր հմայության գայթակղություններին։ 

«Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիս 6․14):

Մեղքը չի կարող իշխել Աստծու շնորհն ընդունած մարդկանց կյանքերում։ Աստծու շնորհն ընդունած լինելու ապացույցներից մեկն էլ մեղքի վրա իշխելու՝ հավատացյալի ունակությունն է։ Աստծու իրական շնորհը մարդու սրտում ծնում է սրբության կյանքով ապրելու փափագ, ինչպես նաև զորացնում նրան այդ կյանքն ապրելու ու մեղքի դեմ հաղթանակած կյանք ունենալու համար։ Ինչպիսի՜ հոգատար Հայր ունենք մենք Երկնքում, որ Իր զարմանահրաշ շնորհով հոգացել է ամենը, որ Իր զավակներին անհրաժեշտ է Իր կամքի համեմատ կյանք ապրելու համար։ Թո՛ղ փառավորվի Տիրոջ սուրբ ու պատվական անունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: