Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Հուսով եմ՝ կօգտագործես մեր առաջին երեք նվերները որպես գործիքներ ավետարանչության, մարդկանց դեպի ապաշխարություն առաջնորդելու և նրանց Քրիստոսի աշակերտը դարձնելու համար։
Սիրելի՛ բարեկամ, Քրիստոսի ճշմարիտ աշակերտը երբե՛ք իր տեսադաշտից չպետք է հեռացնի Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականը։ Եթե մենք հավատում ենք Տիրոջը և դարձել ենք Նրա աշակերտները, ապա Նրա հանձնարարությունը նաև մեզ է վերաբերում, և մենք հաշիվ ենք տալու Տիրոջը, թե որքանո՞վ ջանք ներդրեցինք և մեր կյանքի առաջնահերթությունը դարձրինք Նրա Մեծ Հանձնարարականի իրագործումը։
«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):
Մեծ Հանձնարարականի էությունը մարդկանց եկեղեցի բերելը չէ։ Այսօր եկեղեցիները լի են մարդկանցով, որոնք ո՛չ մի կերպ չեն համապատասխանում Քրիստոսի աշակերտ լինելու չափանիշներին։ Մեծ Հանձնարարականի էությունը մարդկանց աշակերտ դարձնելն է։ Տեր Հիսուսն Իր խոսքի մեջ բացատրում է, թե ինչ է նշանակում աշակերտ դարձնել որևէ մեկին․ «Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «․․․սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր հերթական նվերը կոչվում է «Աշակերտական խմբերի ծառայություն»։ Այս նվերը, սակայն, բոլորի համար չէ, ինչպես մեր նախորդ նվերներն են եղել։ Մեր եկեղեցին մի սկզբունք է որդեգրել՝ չվնասել մյուս եկեղեցիներին, այլ օգնել նրանց։ Այդ պատճառով, թեև մեր եկեղեցու առցանց աշակերտական խմբերում բազմաթիվ վկայություններ կան հոգևոր աճի, հոգևոր հաղթանակների ու, որպես Տիրոջ հետ մտերմության ու Նրա բարեհաճության արդյունք, պատասխանված աղոթքների, մենք աշակերտական խմբերի մեջ չենք ընդունում այլ եկեղեցիների անդամներին։
Էջմիածնի Էմմանուել եկեղեցու «Աշակերտական խմբերի ծառայությունը» բոլոր այն մարդկանց համար է, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել հոգևոր խնամքից՝ չունեն եկեղեցի և հոգևոր առաջնորդ։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեզ ցույց տա Իր այն զավակներին, որոնք հոգևոր աճի ու ամրացման կարիք ունեն։ Եվ եթե դու հե՛նց այդպիսի մեկն ես, որ քո ողջ սրտով հավատում ես Տեր Հիսուսի ուսուցումներին և նաև հավատում ես, որ եկեղեցու անդամ լինելու և հոգևոր առաջնորդ ունենալու կարգը հե՛նց Տեր Հիսուսի պահանջն է Իրեն հավատացող յուրաքանչյուր անհատից, ապա ընդունի՛ր մեր այսօրվա նվերը և միացի՛ր «Աշակերտական խմբերի ծառայությանը»։
Աշակերտությունը ենթադրում է դասընթացներ։ «Աշակերտական խմբերի ծառայությունը» օգտվում է երեք տասնյակի հասնող դասընթացներից, որոնք հասանելի են բոլորին մեր YouTube-յան ալիքի տարբեր բաժիններում։ Անշուշտ, դու կարող ես նաև ինքնուրույն ուսումնասիրել դրանք։ Սակայն, եթե թույլ տաս, մենք սիրով կծառայենք քեզ, անգամ եթե դեռ չես ուզում միանալ «Աշակերտական խմբերի ծառայությանը»։ Պարզապես, դասընթացներն ունեն ճիշտ հերթականություն տարբեր անհատականությունների և հոգևոր տարբեր հասակ ունեցող մարդկանց համար։ Եթե այս հարցում ունես խորհրդատուի կարիք, ապա մենք, կրկին, քո կողքին ենք քեզ ծառայելու համար։
Քրիստոսի աշակերտից պահանջվում է նվիրում և հավատարմություն կարգապահության հարցում։ Առանց կարգապահության չկա աշակերտություն։ Օգնի՛ր քո շրջապատի մարդկանց աշակերտ դառնալու հարցում։ Սովորի՛ր ինքդ և սովորեցրո՛ւ նրանց պահել այն ամենը, ինչը Տեր Հիսուսն է պատվիրել Իր Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ։ «Աշակերտական խմբերի ծառայությունը» միշտ քո կողքին է Քրիստոսի Մեծ Հանձնարարականը իրագործելու հարցում՝ անկախ նրանից՝ դու կմիանա՞ս մեր աշակերտական խմբերին, թե՞ կորոշես վերցնել դասընթացները և քո հովվի օրհնությամբ ու թույլտվությամբ ներդնել դրանք ձեր եկեղեցու աշակերտության ընթացքի մեջ։ Ի վերջո, մենք մեկ Եկեղեցի ենք և պետք է միմյանց օգնենք Տիրոջ անունը փառավորելու ու մարդկանց աշակերտ դարձնելու մեր փափագի իրականացման հարցում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը