Սիրելի՛ բարեկամ, այս վկայությունը թող քեզ համար ծառայի որպես հիշեցում այն փաստի, որ Աստված կարո՛ղ է և ուզո՛ւմ է փլուզել ու կործանել քո կյանքի այն պատնեշները, որոնք հաղթահարելը քեզ համար անհնարին է թվում։
Վաղ թե ուշ, բոլորն էլ իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում բախվում են անհնարինի պատնեշներին: Սակայն մարդիկ տարբերվում են նրանով, թե ի՞նչ են անում, երբ դեմ առ դեմ կանգնում են այդ անհաղթահարելի պատնեշի առջև՝ դեպի ո՞ւր կամ դեպի ո՞ւմ ենք շրջում մեր հայացքը:
Տասնյոթ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, ես ու կինս որոշեցինք գնել այն տունը, որտեղ հիմա ապրում ենք։ Ամեն բան շատ արագ ստացվեց։ Հավանեցինք տունը, պայմանավորվեցինք գինը, տվեցինք փոքրիկ կանխավճար (քանի որ դա մեր ունեցած ողջ գումարն էր) և խոստացանք մնացած գումարը վճարել մինչև ապրիլ ամսվա վերջին օրը։ Ես հույս ունեի, որ իմ ծանոթներից ու բարեկամներից կկարողանամ պարտքով վերցնել գումարի մնացած (պետք է խոստովանեմ նաև, որ հիմնական) մասը։ Սակայն ստացվեց այնպես, որ բոլորը․․․ անխտիր բոլորը, տարբեր պատճառներով, չկարողացան ինձ օգնել որևէ գումարով։ Այսպիսով, ես բախվեցի անհնարինի պատնեշին։
Երբ բախվում ես անհնարինության պատնեշին, սիրտդ սկսում է ճնշվել ու տանջվել։ Նման դեպքերում մարդն անելանելիությունից ընկճվում է և սկսում է ելք փնտրել։ Այդպես էր նաև մեր պարագայում։ Եվ հենց այստեղ է, որ պետք է ընկալենք անհնարինության պատնեշի առջև կանգնած մարդու կարևորագույն արձագանքը՝ դեպի ո՞ւր կամ դեպի ո՞ւմ է նա ուղղում սեփական հայացքն օգնություն ստանալու համար։
Ես ու կինս, թեև ընդամենը հինգ տարվա հավատացյալներ էինք, սակայն բազմաթիվ հրաշքներ էինք տեսել մեր կյանքում։ Ես գիտեի, որ իմ երկնային Հորն ուղղված մեկ աղոթքը կարող էր փոխել ամեն բան: Մենք աղոթեցինք: Պատասխանը չեկավ անմիջապես։ Մենք սպասման ճնշող օրեր ապրեցինք։ Սակայն Աստծո արձագանքը մեր աղոթքին իրապես անակնկալ էր, ցնցող ու տպավորիչ:
Անշուշտ, իմ կյանքի ոչ բոլոր աղոթքներն են այսպես տպավորիչ կերպով պատասխանվել, բայց այս անգամ այդ պատասխանն առանձնահատուկ կերպով տպավորիչ էր։ Որոշակի ժամանակ անց ես ծրարով մի նամակ ստացա, որտեղ միջազգային կառույցներից մեկը, ում հետ համագործակցել էի նախկինում, ինձ մի քանի ամսով միջազգային փորձագետի աշխատանք էր առաջարկում արտերկրում։ Սա իրական հրաշք էր, սակայն դա դեռ ամենը չէր։ Այդ հրաշքը մեր կյանք էր այցելել մեր Տեր Աստծո «ստորագրությամբ»՝ կործանելով պատահականության ու աղոթքի պատասխան լինելու հնարավոր կասկածների վերաբերյալ բոլոր մտքերը։ Գումարը, որն առաջարկվում էր ինձ որպես աշխատավարձ, ճի՛շտ և ճի՛շտ հենց այն թիվն էր կազմում, որը մեզ պակասում էր տան ողջ գումարը վճարելու համար։ Անհնարինի պատնեշը փլուզվա՛ծ էր։ Կատարվածն իրական հրաշք էր: Աստված մեր կյանքում արեց հենց այն, ինչի կարիքը մենք ունեինք: Թող փառավորվի Նրա սուրբ անունը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված լսեց մեր աղոթքը և պատասխանեց դրան: Աստծո ծրագրերը միշտ ավելի բարձր ու մեծ են, քան մարդու պատկերացումները: Տիրոջ կամքը կատարյալ է և մշտապես բարի: Երբ թվում է, թե Նրա խոստումներն ուշանում են կամ Նրա ծրագիրն ինչ-որ տեղ խափանվել է, ապա շրջվի՛ր դեպի Տերը, հայացքդ ուղղի՛ր քո երկնային Հորը և անկեղծ սրտով կանչի՛ր Նրա անունը: Նա կպատասխանի և կհոգա քեզ համար:
«Կանչի՛ր Ինձ, և Ես քեզ կպատասխանեմ, և Ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել» (Երեմիա 33.3):
Оրհնված և Աստծո հետ իրական հաղորդակցության օր եմ մաղթում քեզ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը