August-7 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Անհանգստանալը միայն վնասում է քեզ

Անհանգստանալը միայն վնասում է քեզ

Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (‭‭Եսայիա‬ ‭41․10‬‬‬)։

Սիրելի՛ բարեկամ, անհանգստանալը մարդկային բնույթի բնական մասն է կազմում։ Մի օր Տեր Հիսուսն ասաց Մարթային. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված» (‭‭Ղուկաս‬ ‭10․41‬)։ 

Հաճախ մենք մեզ Մարթայի նման ենք պահում. անհանգստանում և հոգս ենք անում շատ բաների համար: Հաճախ մենք մեզ ճնշում ենք, որպեսզի անենք անհնարինը, և դա այն ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ շատ մոտ է՝ մեր տան մեջ ու մեր կողքին։

Այս հատվածում Մարթան միայն մեկ բան ուներ իր մտքում. լինել տան կատարյալ տնտեսուհի և ունենալ ամենալավ հյուրասիրությունն իր հյուրի համար։ Մարթան մոռացել էր, որ ճշմարիտ Տերը, որ այցելել էր իրենց տուն, իր պատվավոր Հյուրը՝ միայն Նա՛ է ի վիճակի կատարելապես հոգալու իրենց բոլոր կարիքները։ Եվ փոխարենը գնալու Տեր Հիսուսի մոտ և ընդունելու Նրանից իր համար պատրաստված օգնությունը, Մարթան իրեն ծանրաբեռնել էր ծանր հոգսերով։ 

Ի՞նչ ընդհանրություն ունի այս պատմությունն ինձ և քեզ հետ։ Մեզ անհանգստացնող բաների վրա կենտրոնանալու փոխարեն մենք պետք է սովորենք կենտրոնանալ հենց Տեր Հիսուսի վրա, քանի որ Տերն է հրաշքներ գործողը, հիվանդին բժշկողը, կապանքներից ազատագրողն ու կոտրված սրտերը վերականգնողը։ 

Եթե անելանելի իրավիճակում ես հայտնվել, կարևոր երկու քայլ կա, որ պետք է կատարես. 

  • Մի՛ անհանգստացի՛ր։
  • Մի՛ ձգտիր լուծել խնդիրը միայնակ՝ առանց Տեր Հիսուսի միջամտության։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո բոլոր խնդիրները հանձնի՛ր Տեր Հիսուսին, որովհետև Նա անհնարինը հնարավոր դարձնող Տերն է։ Ինչո՞ւ թույլ չտաս, որ քո կյանքի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, դառնա նաև քո տան Տերը և ունեցածիդ Կառավարիչը։ Այդպիսով, ամեն բան կլինի Նրա վերահսկողության ներքո. դու կունենաս Աստծու ապահովության ներքո գտնվող կյանք՝ այնպիսի կյանք, որն Աստված կվերցնի ու կօգտագործի մյուս մարդկանց Իր սերն ու հոգատարությունը ցուցաբերելու համար․․․ Մի կյանք, որտեղ դու չես անհանգստանում այն ամենի համար, ինչը դուրս է քո վերահսկողության տիրույթից։ 

Տեր Հիսուսը սովորեցնում է մեզ. «Ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա ևս մեկ կանգուն ավելացնել…Արդ, վաղվա մասին հոգս մի՛ արեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (‭‭Մատթեոս‬ ‭6.27, 34‬‬)։ 

Անհանգստությունը չի երկարացնում քո կյանքը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում։ Ուրեմն ի՞նչ օգուտ կարող է լինել անհանգստանալու մեջ։ Արա՛ այն ամենը, ինչը քեզնից է կախված՝ այն, ինչը կարող ես և քո ուժերի ու հնարավորությունների սահմաններում է, և թո՛ւյլ տուր Աստծուն, որպեսզի Նա էլ անի Իր բաժինը՝ այն, ինչը քեզ համար անհնարին է և քո վերահսկողությունից դուրս։ 

Աղոթում եմ, որ այսօր Աստծու Սուրբ Հոգին սովորեցնի քեզ քո հոգսերը Տեր Հիսուսին հանձնելու կարևորագույն դասը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: