December-22

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր զգայուն եղի՛ր մյուսների կարիքների հանդեպ

Այսօր զգայուն եղի՛ր մյուսների կարիքների հանդեպ

Սիրելի՛ բարեկամ, տարին մոտենում է ավարտին, և այսօր առաջարկում եմ քեզ կենտրոնանալ Տեր Աստծու համար շատ կարևոր մի ոլորտի վրա։ Ե՛կ այսօր ավելի զգայուն լինենք մեր շրջապատի մարդկանց կարիքների հանդեպ: 

Երբ դու որևէ տեղ ես գնում՝ լինի դա գնումների, աշխատանքի, դասի կամ մեկ այլ վայր գնալը կամ երբ ժամանակ ես անցկացնում ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ, խնդրի՛ր Սուրբ Հոգուն, որպեսզի Նա հուշի քեզ, թե արդյոք քո շուրջ գտնվող մարդկանց մեջ կա՞ մեկն, ով ուժասպառ է եղել իր կյանքի բեռը մենակ կրելու պատճառով։ 

Եվ եթե Սուրբ Հոգին հուշի քեզ և ցույց տա այդ մարդուն, ապա մոտեցի՛ր Նրան և  ասա նրան մոտավորապես այսպիսի խոսքեր. «Տեսնում եմ, որ ինչ-որ բան է կատարվում քեզ հետ: Թույլ կտա՞ս աղոթել քեզ համար»:

Իհարկե, այս պարզ, հասարակ և ջերմ խոսքերն ասելու համար քեզ նախ քաջություն է պետք, քանի որ դրանք արտաբերելուն խանգարում է մերժվելու վախը։ Ինչպե՞ս կարձագանքի տվյալ մարդը։ Եթե մերժի՞։ Իսկ եթե կոպտորեն մերժի՞․․․

Լսի՛ր Սուրբ Հոգու ուղղորդումն ու հուշումները և մի՛ վախեցիր մերժում ստանալուց։ Աստված ուզում է քեզ միջոց դաձնել Իր ձեռքում և օգտագործել քեզ Իր մյուս զավակների կյանքում մխիթարություն, թեթևություն, հանգիստ և ազատություն բերելու համար: Գուցե անգամ չստացվի աղոթել այդ մարդու համար նրա ներկայությամբ, այլ միայն լսես Նրան և աղոթես նրա համար քո ներքին սենյակում։ Դա արդեն իսկ մեծագույն օգնություն կարող է լինել նրա համար։ 

Երբեմն մարդիկ կարիք ունեն, որ շրջապատում գտնվի գեթ մեկ հոգի, ով կհասկանա նրանց ցավը։ Լսելու ունակությունը հաճախ բավարար է լինում խնդիրը հաղթահարելու հարցում դիմացինին օգնելու համար: Լսելն ու դիմացինի ցավը հասկանալը արդեն իսկ որոշակի առումով կարող են նրա բեռը թեթևացնել: Իսկ եթե նրան կարողանաս օգնել իմաստուն խորհրդով, հաց ու հանդերձով կամ մեկ այլ կերպով նրա ուսերին ծանրացած բեռը թեթևացնելով, ապա համոզված եղի՛ր, որ շատ մեծ գանձեր ես դիզում Երկնքում։ 

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ ճշմարտությունը․ «Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և Նա կհատուցի նրան հասանելիքը» (Առակաց 19․17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անշուշտ այս հատվածում աղքատ բառը նկարագրում է ֆինանսապես կարիքավոր մարդուն։ Սակայն, կարծում եմ, այս սկզբունքը գործում է ցանկացած կարիքի մեջ լինող մարդուն ցուցաբերվող օգնության պարագայում։ Երբ դու թեթևացնում ես ինչ-որ մեկի ուսերին ծանրացած բեռը, ապա օգնում ես Տեր Աստծուն աղոթող ու Նրանից օգնություն խնդրող մեկին։ Դու Աստծու ուղարկած հրաշքն ես դառնում Նրա համար։ Դու Նրա պատասխանված աղոթքն ես և Տեր Աստծուն փառավորելու և Նրանից գոհանալու պատճառը։ 

Աստված երբե՛ք պարտքի տակ չի մնում։ Նա առատորեն փոխհատուցելու է քեզ քո ներդրածը՝ լինի դա քո ժամանակը, ջանքը, տաղանդը, ֆինանսը կամ մեկ այլ բարիք։ Եվ Տերը անելու է դա այնպիսի առատությամբ, որ ունակ լինես է՛լ ավելի շատ մարդկանց համար դառնալու երկնային Հոր ուղարկած հրաշքը։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, օգնի՛ր ինձ այսօր լինել Քեզ նման ուշադիր ու զգայուն մարդկանց կարիքների հանդեպ։ Աղոթում եմ, որ ինձ տեսնող աչքեր տաս, որպեսզի իմ կարիքներից ու իմ գործերից բացի նկատեմ նաև իմ շրջապատի մարդկանց՝ նրանց կարիքներն ու ուսերին ծանրացած բեռները։ Գիտեմ, որ Դու հանդիպեցնելու ես նրանց իմ ճանապարհին և առիթ ես ստեղծելու, որպեսզի համապատասխան խոսակցություններ բացվեն ու վերածվեն մտերմիկ զրույցների։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի կարողանամ լսել Քո հուշումները և զգալ Քո ուղղորդումը։ Ես ուզում եմ Քո հրաշքն ու քաջալերանքը՝ Քո մեկնած օգնության ձեռքը դառնալ այդ մարդկանց կյանքում։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Այսօր եղի՛ր ուշադիր և զգայուն, որովհետև շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար դառնաս Տեր Աստծու ուղարկած հրաշքը: Համոզված եմ, որ եթե փնտրես այդ մարդկանց ու խնդրես Տեր Աստծու առաջնորդությունը, ապա այսօր վայելելու ես մյուսների համար Տիրոջ ուղարկած օրհնությունը լինելու մեծագույն վայելքը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: