Սիրելի՛ բարեկամ, ես շատ անգամ եմ լսել, որ մարդիկ վկայում են, թե աննկարագրելի կերպով դրական զգացողություններ են ապրում, երբ որևէ մեկի համար մի բարի բան են անում։
Իսկ դու երբևէ ունեցե՞լ ես այն հաճելի զգացողությունը, որն ապրում ես, երբ փողոցում ժպտում ես ինչ-որ մեկին՝ մեկին, ով գուցե հոգնած է երկար աշխատանքային օրվանից հետո: Կամ երբևէ զգացե՞լ ես այն երջանկությունը, երբ որևէ տարեց կնոջ համար բացում ես դուռը կամ օգնում ես հարևանիդ որևէ հարցում:
Աստվածաշնչում գրված է. «Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի» (Առակաց 11․25):
Ուրիշի հանդեպ բարին գործելը քո իսկ հոգուն է բավականություն պատճառում: Մեր հոգին կարծես սնվում է դրանով: Այո՛, ամեն անգամ, երբ դու մեկ ուրիշի համար մի լավ բան ես անում, քո հոգին հագենում է: Աստվածաշնչյան այս հատվածում նաև Աստված է խոստանում այդ ամենի համար օրհնել քեզ: Տերը ոռոգում է այն մարդուն, ով ջուր է տալիս մյուսներին: Իսկ Տեր Աստծու ուղարկած աղբյուրները անհամեմատ առատ են մյուսների համար մեր տրամադրած աղբյուրներից:
Տեր Հիսուսը հենց ջրերի ու աղբյուրների համեմատությամբ էր խոսում Սուրբ Հոգով լցված մարդկանց մասին․ «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. «Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները․․․» (Հովհաննես 7․37-39):
Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսին։ Եվ եթե հավատում ես, արդյոք ընդունե՞լ ես Սուրբ Հոգու պարգևը։ Արդյոք ամեն օր խմո՞ւմ ես այն ջրից, որը քո մեջ կենդանի ջրերի գետեր պետք է դառնա և բխի քեզնից դեպի մյուսները։ Դու չես կարող մարդկանց տալ այն, ինչը չկա քո մեջ։ Սիրո և բարության Աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Գնա՛ Նրա մոտ։ Խմի՛ր այն ջուրը, որը Նա կտա քեզ։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին։ Ընդունի՛ր դրանք քո մեջ։ Լցվի՛ր Նրա Հոգով և բխեցրո՛ւ Նրա կենդանի ջրերը դեպի ծարավածներն ու կարիքավորները։ Սա՛ է իրական քրիստոնական կյանքը։ Սա՛ է Պենտեկոստեն, որը միայն մեկ օր չէ տարվա մեջ, այլ ընթացք ու ապրելակերպ։
Եվ բոլոր այն մարդկանց անունից, որոնց համար դու այդ կենդանի ջրերի աղբյուրն ես դառնալու, ես քեզ ասում եմ` ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԿԱ՛Ս: Շնորհակալ եմ, որ օգնում ես մյուսներին ապրել: Շնորհակալ եմ, որ այնտեղ ես, որտեղ քո կարիքը կա և անում ես այն, ինչն այնքա՜ն անհրաժեշտ է մյուսներին։ Դու այս աշխարհն ավելի լուսավոր ու բարի ես դարձնում և օգնում ես, որ Տեր Հիսուսի լույսը ծագի մարդկանց սրտերում ու կյանքերում:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իմ ամբողջ սրտով օրհնում եմ քո կյանքը և աղոթում եմ, որ Տերն Իր կյանք տվող ջրերի գետերը առատապես բխեցնի քեզ համար և քո միջոցով՝ նաև մյուսների համար:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը