Աստվածաշունչն ասում է, որ «Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին» (Ժողովող 3․1)։
Սիրելի՛ բարեկամ, ժամանակի կառավարման թեմայով վերջին մի քանի օրերի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակի սխալ տնօրինումը հանգեցնում է նրան, որ չափազանց քիչ ուշադրություն ենք դարձնում մեր ընտանեկան կյանքին, առողջ փոխհարաբերությունների զարգացմանն ու Աստծու հետ անցկացրած ժամանակը կարևորելուն։
Ի վերջո, ժամանակի հետ անվերջանալի պայքարի մեջ ապրելը ոչ միայն սթրես է բերում մեր կյանք և ուժասպառ անում մեզ, այլև դառնում է մեր շատ տանջանքների ու տառապանքի պատճառը։
Ժամանակի ճիշտ կառավարումը և առաջնահերթությունների ճիշտ դասակարգումը թույլ է տալիս մեզ ավելի հասանելի լինել նրանց, ովքեր թանկ են մեզ համար։ Աստված ցանկանում է, որ դու հաջողվես ժամանակիդ կառավարման մեջ։ Նա քո կողքին է, որպեսզի քեզ գործնական օգնություն ցուցաբերի, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպել առօրյադ և ճիշտ բաշխես զբաղվածությունդ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքի հաջողվածությունը կախված չէ անգամ ժամանակի ճիշտ կառավարումից։ Սա շատ կարևոր ոլորտ է, որը յուրաքանչյուրս պետք է ձգտենք բերել կարգուկանոնի մեջ։ Սակայն ժամանակի ճիշտ կառավարումը երբե՛ք նպատակ չէ, այլ միայն միջոց, որպեսզի մեր առաջնահերթությունները լինեն ճիշտ դասավորված, ինչն էլ աստիճանաբար իր դրական ազդեցությունն է թողնելու մեր մտերիմների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Ահա հենց հարաբերությունների առողջ ու ջերմ կարգավիճակն է մեր կյանքի հաջողության բանալին։
Մայր Թերեզան է այս իմաստուն խոսքերի հեղինակը. «Ի՞նչ կարող ես անել, որպեսզի այս աշխարհում խաղաղությունը շատացնես. պարզապես գնա՛ տուն և սեր տուր քո ընտանիքին»։
Մարդը թանկ է ցանկացած նվաճումից։ Ընտանիքը պետք է լինի մեր առաջնահերթությունների կենտրոնում։ Աստված Ինքն է կարևորում մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունները․
«Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (Ա Տիմոթեոսին 5.8):
«Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ Նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի» (Ա Հովհաննես 4.20-21):
Այսօր քաջալերում եմ քեզ որոշում կայացնել և քայլ առ քայլ մոտենալ քո ժամանակը ճիշտ տնօրինելու օրհնյալ ընթացքին։ Կարևորի՛ր Աստծուն ու Նրա հետ քո հարաբերությունը, կարևորի՛ր մարդկանց և նրանց հետ առողջ հարաբերություն ունենալը, և վստահեցնում եմ, որ պտուղները չեն ուշանա, իսկ արդյունքը շատ ավելի մեծ է լինելու, քան այսօր կարող ես պատկերացնել։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը