June--19

Գլխավոր | Հրաշքներ | Ամենավտանգավոր վայրը

Ամենավտանգավոր վայրը

Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ի՛նչ է սովորեցնում Աստվածաշունչը Բարձրյալի ծածկոցի զորավոր պաշտպանության տակ մտնելու մասին և թե ովքե՛ր կարող են համոզված լինել, որ իրենք պաշտպանված են ամենակարող Աստծու կողմից։ Մենք տեսանք, որ Աստվածաշունչը միանշանակ պատասխան է տալիս այս հարցերին և ասում, որ բանալին Տեր Աստծու հետ հաշտության հարաբերություն ունենալն է։

Սիրելի՛ բարեկամ, իսկ ի՞նչը կարող է մարդուն խանգարել Աստծու հետ հաշտ լինելու հարցում։ Ի՞նչը կարող է խաթարել Տեր Աստծու հետ մարդու ունեցած հարաբերությունը։ Ի՞նչն է, որ կարող է արգելք դառնալ Տեր Աստծու պաշտպանության և ապահովության համար։ Կրկին, պատասխանը գտնում ենք գրքերի Գիրք և ճշմարտության միակ բացարձակ աղբյուր Աստվածաշնչում։

«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի․․․» (Եսայիա 59․1-2):

Մեղքն ու անօրենությունը անհամատեղելի են Տեր Աստծու ներկայության հետ։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչո՞ւ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից։ Պատճառը նրանց մեղքն էր։ Ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծու հետ։ Ինչպե՞ս է մարդը վերադառնում Տեր Աստծու հետ անմիջական ու կենարար այդ հարաբերությանը։ Միայն և միմիայն ապաշխարությամբ։ Ապաշխարած մարդը դադարում է անել այն, ինչն իրեն է հաճելի, և սկսում է ապրել ու գործել այնպես, ինչպես նրան կարգադրում են Տեր Աստծու Խոսքն ու Աստծու կամքին հնազանդվելու սեփական փափագը։

«Քանի որ համբերության Իմ խոսքը պահեցիր, Ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին» (Հայտնություն 3․10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ գիտե՞ս, թե որն է այս տիեզերքի ամենավտանգավոր վայրը։ Չգիտեմ՝ ինչ ես պատասխանում այս հարցին, սակայն վերը բերված աստվածաշնչյան օրինակները հուշում են, որ ամենավտանգավոր վայրը Բարձրյալ Աստծու պաշտպանության և ապահովության ծածկոցից դուրս լինելն է։ Այդ վայրում չեն գործում Աստծու տված օրհնության և պաշտպանության խոստումները։ Երբ Աստծուն ճանաչող մարդը սեփական պատկերացումները, շահն ու ցանկությունները վեր է դասում Աստծու Խոսքի սկզբունքներից, ընկնում է մի իրավիճակի մեջ, որի մեջ հայտնվեց Հեղի քահանայապետը։

«Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն Իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2․30):

Աստված երբե՛ք չի խախտում սրբության ու արդարության Իր սկզբունքները։ Դու չե՛ս կարող ապրել մեղքի կյանքով և ակնկալել, թե քո աղոթքները լսելի են լինելու կամ քո հռչակումները քո կյանքից հեռացնելու են անհաջողություններն ու հիվանդությունները։ Անսխալական մարդ գոյություն չունի։ Աստված նայում է մեր սրտին ու ձգտումներին։ Նա գիտի՝ մենք ջանք անո՞ւմ ենք մեղքը մեր կյանքից հեռացնելու համար, թե՞ արդարացնում ենք մեր անիրավությունները։ Մեղքի և անիրավության կյանքը մեզ տանում է դեպի այս տիեզերքի ամենավտանգավոր վայրը։ Իսկ թե ինչպե՞ս կարող ես գործնական քայլերով շտկել իրավիճակն ու մտնել Բարձրյալի ապահովության ծածկոցի տակ, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: