
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը։ Այս հրաշալի սաղմոսի առաջին երեք խոսքերը երկրպագության և Տիրոջն ուղղված օրհնաբանության երգերի կարևորության մասին էին։ Իսկ հաջորդ երեք խոսքերը կարևորում են հավատացյալի կյանքում աղոթքի անփոխարինելի դերը։
«Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից» (Սաղմոս 34․4-6):
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչի այս հատվածում սաղմոսերգուն ասում է, որ պատասխանված աղոթքներն ազատում են մարդուն բոլոր սարսափներից՝ վախերից ու անհանգստություններից։ Պատասխանված աղոթքի առաջին քայլը աղոթքն է։
Կարծում եմ՝ մեղքով ու անարդարություններով լի այս աշխարհում նեղությունների պակաս չկա որևէ մեկի կյանքում։ Անգամ երբ արտաքուստ մարդու կյանքում ամեն բան լավ է թվում, միշտ կան պայքարներ ու անհանգստություններ, որոնք մենք պետք է աղոթքով ներկայացնենք մեր Աստծուն և Նրանից օգնություն և բժշկարար միջամտություն խնդրենք։
«Դեպի Քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։ Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի» (Սաղմոս 123․1-2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տիրոջ Խոսքը մեզ սովորեցնում է անդադար ու ամեն ժամանակ աղոթել և հարատևել աղոթքի մեջ։ Որքան էլ դժվար լինի քո ընթացքը, քո ամբողջ սրտով վստահի՛ր Աստծուն։ Որքան էլ անելանելի թվա կյանքիդ իրավիճակը, բարձրացրո՛ւ քո աչքերը դեպի Տերը և Նրանից սպասիր քո օգնությունը։ Իմ սրտին այնքա՜ն մոտ են սաղմոսերգուի այս խոսքերը․ «․․․մեր աչքերը մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի»։
Ցավոք, այսօր աղոթքի մասին տարբեր ուսմունքներ են տարածվել։ Ոմանք սովորեցնում են Աստծուց պահանջել, ոմանք՝ հրամայել իրավիճակներին, ոմանք՝ աղոթքով սատանայից խլել վերջինիս գողացածը և այլն։ Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է աղոթել Աստծուն և խնդրել Նրանից այնպես, ինչպես ծառան է խնդրում իր տիրոջից։ Անգամ երբ մենք ո՛չ թե որպես ծառաներ ենք աղոթում, այլ Աստծու ընտանիքին որդեգրված զավակներ՝ որդիներ ու դուստրեր, մեր աղոթքը պետք է մնա Արարիչ Աստծու հանդեպ ակնածանքի ու խոնարհության մեջ, ինչպես Աստծու Միածին Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի պարագայում էր։
Աղոթքի կյանքի լավագույն օրինակը Տեր Հիսուսի աղոթքի կյանքն է։ Աղոթքի կերպի լավագույն օրինակը Տեր Հիսուսի աղոթքներն են։ Տերը հաճախ էր առանձնանում աղոթքի և աղոթքի մեջ զրուցում էր երկնային Հոր հետ։ Նա միշտ գոհություն ու խնդրվածք էր բերում Հոր առաջ և սպասում Նրա պատասխանին։ Տերը միշտ Հոր կամքը բարձր էր դնում սեփական խնդրվածքներից և անգամ բացասական պատասխանի պարագայում նախընտրում էր Հոր կամքին հնազանդվելը, քանի որ Աստծու կամքը միշտ ամենալավն է մեր կյանքում, թեկուզ երբեմն՝ ցավոտ ու անըմբռնելի։
Իսկ ինչպիսի՞ն են քո աղոթքները։ Դու ունե՞ս աղոթքի կանոնավոր կյանք։ Արդյոք քո աղոթքները նմա՞ն են Տեր Հիսուսի աղոթքներին, թե՞ աղոթում ես այնպես, ինչպես լսել ես մյուսներից կամ սովորել տարբեր մարդկանցից։ Աղոթքներդ ուղղի՛ր Տեր Աստծուն, և Նա կազատի քեզ քո բոլոր վախերից։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, և Նա կազատի քեզ քո բոլոր նեղություններից։ Տեր Հիսուսի նման ամեն բանից առաջ խնդրի՛ր Աստծու կամքը, և Նա քեզ հետ կլինի ու քեզ կանցկացնի քո բոլոր դժվարությունների միջով։
Աղոթքը Արարիչ Աստծու հետ զրուցելու արտոնությունն է։ Աղոթի՛ր և վստահի՛ր Աստծուն։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը