July-29 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ականջալուր եղի՛ր քո հոգու ձայնին

Ականջալուր եղի՛ր քո հոգու ձայնին

Այսօր ուղերձների մի նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը։ Առաջիկա յոթ օրերին մենք խոսելու ենք մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդն ունի հոգի, շունչ և մարմին. «Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.23):

Սիրելի՛ բարեկամ, մեր մարմինը՝ այն, ինչն ամեն օր տեսնում ենք հայելու մեջ, ժամանակավոր է՝ ենթակա ծերացման ու քայքայման։ Շունչը մեր միտքն է, կամքը և զգացմունքները։ Այն մեր անձի կենտրոնն է։ Հենց այնտեղ են կայացվում բոլոր որոշումները, քանի որ այնտեղ է մարդու կամքը։ Իսկ հոգին մեր էության մի առանձնահատուկ մասնիկն է, որը հավիտենական է։

«Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր» (Ժողովող 12․7):

Սակայն մարդու հոգու մասին մի կարևորագույն ճշմարտություն կա Աստվածաշնչում, որին տեղյակ լինելը շատ կարևոր է յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյայի համար։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալն է՝ քո հոգին կապ ունի հոգևոր աշխարհի հետ և իր ընկալման հնարավորություններով կարող է իմանալ ու զգալ, հասկանալ ու ընկալել բաներ, որոնք անհասանելի են մեր շնչին և, առավել ևս, մեր մարմնի զգայարաններին։ 

Աստվածաշնչում Սուրբ Հոգու պարգևների շարքում մի պարգև է նկարագրվում, որն առաջին հայացքից ամենատարօրինակ, ամենաանհասկանալի ու ամենաշատը սխալ ընկալված ու մեկնաբանված պարգևն է։ Դա օտար լեզուներով խոսելու պարգևն է (տե՛ս Ա Կորնթացիս 12․10 խոսքը)։

Ոմանք մերժում են այդ պարգևը, ոմանք հանդգնում այն որակել չարից, ոմանք ասում են, թե դա օտար երկրներում բնակվող մարդկանց ավետարան քարոզելու համար է եղել և այժմ այդ պարգևի կարիքը չկա։ Սակայն Աստվածաշունչը հստակ փոխանցում է մեզ, որ Սուրբ Հոգու այդ պարգևը մարդկանց հետ հաղորդակցության համար չէ, այլ Աստծուն ուղղված աղոթքների։

«Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում» (Ա Կորնթացիս 14․2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս թեմային անդրադառնալու իմ նպատակը վարդապետական բանավեճ առաջացնելը չէ, այլ  քո ուշադրությունը մի կարևորագույն ճշմարտության վրա սևեռելը։ Հոգով ներշնչված մարդը Աստծուն կարող է խորհուրդներ կամ գաղտնիքներ հայտնել, որոնք հասու չեն նրա մտքին։ Այլ կերպ ասած՝ քո հոգու ձայնը կարող է քեզ կարևորագույն բաներ հուշել, որ քո մարդկային մտքով դու անկարող էիր հասկանալ ու ընկալել։

Քո հոգին ունակ է ընկալելու հոգևոր իրողությունները, որոնք հասու չեն ո՛չ քո մտքին և ո՛չ էլ մարմնիդ զգայարաններին։ Հե՛նց այս ճշմարտության գիտակցումն է, որ դուռ է բացում մեր այս նոր շարքի մյուս ուղերձների համար։ Աղոթում եմ, որ Աստված խոսի քո սրտին և այն պատրաստի առաջիկա օրերի ուղերձներն ընդունելու համար։ Աղոթում եմ նաև, որ զգայուն դառնաս քո իսկ հոգու մղումներին և սովորես լսել հոգուդ ձայնը։ Որովհետև մի իրողություն է, որ հոգին գիտի հոգևոր ճշմարտությունները, և բացարձակապես մեկ այլ իրողություն՝ այն, թե մեր միտքն արդյոք լսո՞ւմ է մեր հոգու ձայնը, թե՞ ավելի շատ տեղ է տալիս մեր մարմնավոր պատկերացումներին ու ընկալումներին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: