January-12 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ազատվի՛ր ստության մտքերի գրոհներից

Ազատվի՛ր ստության մտքերի գրոհներից

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսին հավատացող ճշմարիտ հավատացյալները կարող են սովորել մտքի պատերազմում հաղթելու հմտությունները։ 

Սիրելի՛ բարեկամ, միտքը մեր կյանքի կարևորագույն ոլորտներից մեկն է։ Այն որոշում է մեր ընթացքը և մեր հոգեվիճակը։ Երբ միտքդ սնում ես ճշմարտություններով, այն խաղաղվում է և ամրանում։ Իսկ երբ այն սնվում է ստություններով, գալիս են կասկածները, վախերը, անհանգստություններն ու տագնապները։ 

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ Քրիստոսով լուսավորված հավատացյալներս, իրավունք չունենք անհոգ վերաբերվելու մտքի պատերազմում հաղթելու համար Տեր Հիսուսի ուսուցանած հմտություններին։ Օրինակ՝ վերցնենք մեր այս օրերի թեմային առնչվող մի միտք․ «Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար»։

Փորձի՛ր կրկնել այս միտքը բարձրաձայն քեզ համար։ Ասա՛ այն լսելի կերպով․ «Ես թանկ ու սիրելի եմ Տեր Աստծու համար»։ Իսկ հիմա լսի՛ր սրտիդ արձագանքը։ Քո սիրտը համաձա՞յն է այս մտքի հետ։ Եթե մինչ այս քո սիրտը սնել ես այնպիսի ստություններով, որոնք չարն է ուղարկել քեզ՝ ասելով․ «Եթե իրոք թանկ ու սիրելի ես քո Աստծու համար, ապա ինչո՞ւ է Նա արգելում քեզ կամ չի անում քեզ համար շատ ցանկալի որոշակի բաներ»։ Կամ՝ «Եթե Աստված սիրեր քեզ, ապա թույլ չէր տա, որ քո կյանքում լիներ ցավ, կորուստ ու տառապանք»։

Ի՜նչ խոսք, սատանան խորամանկ է և, ըստ Տեր Հիսուսի բնորոշման, ստության հայրն է (տե՛ս Հովհաննես 8.44 խոսքը): Նա կարող է մարդուն սուտ մտքեր ուղարկել։ Սակայն Աստված Իր Խոսքի մեջ բացահայտում է, որ մենք կարող ենք գերի բռնել այդ մտքերն ու դրանք հնազանդեցնել Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին։ 

«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10.4-5

Իսկ թե ի՛նչ զենքերի մասին է խոսքը, կարդում ենք Եփեսացիներին ուղղված թղթում․ «Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է» (Եփեսացիս 6․13-17):

Աստծու շնորհած բոլոր զենքերն են կարևոր, սակայն, հատկապես մտքի պատերազմում, անփոխարինելի են հավատքի վահանը, փրկության սաղավարտն ու Հոգու սուրը։ Դրանց դեմ չի կարող պատերազմել ոչ մի ստություն, ոչ մի կրակոտ նետ և ոչ մի միտք, որ գոռոզացել է Աստծու գիտության դեմ։ 

Մենք պետք է Տեր Հիսուսից սովորենք սատանայի ստության մտքերին հաղթելու կերպը։ Այս հաղթանակն այնքա՜ն պարզ է ու հանճարեղ, որ շատերը չեն կարողանում ընկալել այն։ Տերը հաղթում էր Աստծու Խոսքի ճշմարտացիության ու անսխալականության հանդեպ Իր համոզմունքով։ Չարի կրակոտ նետերը Նա դիմավորում էր հավատքի վահանով․ «Գրվա՛ծ է»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ինչպե՞ս և ինչո՞վ ես դիմավորում չարի ուղարկած կասկածի, վախերի, անհանգստությունների ու տագնապների մտքերին։ Արդյոք քո հավատքն Աստծու Խոսքի ու կամքի հանդեպ դարձե՞լ է անսասան համոզմունք։ Արդյոք կարողանո՞ւմ ես ասել, որ դու վստահում ես Աստծու ասածներին և մերժում ես Տիրոջ Խոսքերին հակառակ բոլոր մտքերը։  

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսին հավատացող ճշմարիտ հավատացյալները կարող են սովորել մտքի պատերազմում հաղթելու հմտությունները։ Հավատո՞ւմ ես․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: