Մարդիկ սովորություն ունեն ուրիշներին պիտակներ կպցնելու։ Մեր կյանքի հին ու նոր պիտակներն ավելի շատ նման են հոգևոր վերքերի, որոնք կարող են բժշկվել միայն ու միմիայն Տեր Հիսուսի ազատագրող հպման արդյունքում։
Սիրելի՛ բարեկամ, երևի թե չկա այս աշխարհում գեթ մեկ հոգի, որին իր կյանքի ընթացքում ոչ մի վիրավորական պիտակ կպցրած չլինեն։ Հատկապես մանկության տարիներին՝ ընտանիքում կամ ընկերական շրջապատում, նոր միջավայրում կամ դպրոցական տարիներին շատերիս են տարբեր պիտակներ կպցրել։ Դրանցից ամենացավոտները նրանք են, որոնք ստացել ենք մեր ամենասիրելի մարդկանցից։
Երբեմն ծնողներն են իրենց բարկության ժամանակ երեխաներին վատ խոսքեր ասում։ Երբեմն ընկերներն են նախանձից ու չարությունից մարդուն ծաղրում ու ցավեցնում իրենց խոսքերով։ Իսկ երբեմն էլ անարժեքության ու որևէ հարցում օգտակար չլինելու պիտակները մեզ կպցնում են մեզ վրա իշխանություն ունեցող մարդիկ՝ ուսուցիչները, ղեկավարները կամ առաջնորդները։
Այո՛, եթե դու մինչև հիմա հիշում ես քեզ կպցրած տարբեր պիտակները, ուրեմն դրանք իրապես ցավեցրել են քեզ և հիմա, եթե անգամ չեն ցավեցնում, ապա սպիացել են ու հիշեցնում են երբեմնի տառապանքները։ Սակայն քեզ համար այսօր բարի լուր ունեմ։ Կա՛ Մեկը, Ով ի զորու է ազատելու քեզ քո անցյալի և անգամ՝ ներկայի ցավոտ ու խոցող, հին ու նոր պիտակներից։
Տերը կարող է քեզ ազատել քո անցյալի բոլոր վերքերից, եթե Նրան վստահես քո սիրտը և քո կյանքը․ «Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն Ինքը բազում վերքեր ստացավ այս երկրի վրա Իր ապրած տարիների ընթացքում։ Նրան էլ էին տարբեր պիտակներ կպցնում թե՛ ընտանիքում (տե՛ս Մարկոս 3.21 և Հովհաննես 7.3-5 հատվածները) և թե՛ Իր հայրենակիցների կողմից (տե՛ս Մարկոս 3.22 և Մատթեոս 27.63 և շատ այլ հատվածներ)։
Նա գիտի դավաճանության ու լքվածության տառապանքը։ Նա գիտի ու վերապրել է մարդկային սրտի բոլոր հնարավոր ցավերը։ Եվ Նա ուզում է այսօր բժշկել քեզ քո անցյալի վերքերից ու ազատել քո կյանքի հին ու նոր պիտակներից։ Ընդամենը պետք է Տեր Հիսուսին թույլ տաս, որ Իր Խոսքով ու Իր կամքի գիտությամբ իշխի քո կյանքում։
«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15)։
Մարդիկ սովորություն ունեն ուրիշներին պիտակներ կպցնելու։ Մեր կյանքի հին ու նոր պիտակները ավելի շատ նման են հոգևոր վերքերի, որոնք կարող են բժշկվել միայն ու միմիայն Տեր Հիսուսի ազատագրող հպման արդյունքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը