Սիրելի՛ բարեկամ, երբ նորապսակները ընտանիք են կազմում, նրանք ասես տարբեր թելեր են վերցնում և երկուսով մի գործվածք են սկսում հյուսել ու պատրաստել այդ թելերից, որը դառնալու 1թթ է նրանց համատեղ ընտանեկան կյանքը։ Եվ այդ բոլոր թելերից ամենակարևորը, թերևս, աղոթքն է։
Մեր ամուսնության 22 տարիների ընթացքում ես և կինս՝ Արմինեն, շատ ու բավականին ծանր փորձությունների միջով ենք անցել։ Մենք իրապես ականատես ենք եղել
Տեր Աստծո անհավանական հրաշքների և մեր գթառատ ու ողորմած Աստծո գերբնական միջամտությունների շնորհիվ բազմաթիվ հաղթանակներ ենք ունեցել մեր կյանքի ծանրագույն իրավիճակներում։ Այդ ծանրագույն ժամանակներում, պետք է խոստովանեմ ու վկայեմ, որ աղոթքը մեր ընտանիքի և Տեր Աստծո հետ մեր ընթացքի հիմնասյուներից մեկն է եղել։
Աստված մեզ չորս հրաշալի զավակ է պարգևել՝ երեք որդի և մեկ դուստր։ Մեր առաջնեկն այժմ զինվորական ծառայության մեջ է։ Մեր երեխաները Աստծուց պարգև են մեզ համար, և մեր երկրային կյանքի աստվածաշնորհ ուրախության ու երջանկության աղբյուրները։ Սակայն թե՛ նրանց մանկության տարիներին և թե՛ հիմա մենք որպես ծնող, անհանգստության ու դժվարությունների մեր բաժինն ենք ունեցել, որը երբեմն այնքան ուժգին ու ծանր է եղել, որ մեզ թվացել է, թե արհավիրքն անխուսափելի է։ Մի քանի դեպքում բժիշկներն անգամ իրենց անկարողության լուրն են մեզ փոխանցել իրավիճակը փրկելու հարցում։ Երբ ոչ մի հույս չի եղել․․․, երբ իրավիճակն անելանելի ու անհույս է թվացել, ես և կինս միշտ իրար հուշել ենք և քաջալերել միմյանց, որ աղոթքով հուսանք մեր Փրկիչ Աստծո առաջնորդող ձեռքին… Մեր կյանքի ամենածանր իրավիճակներում, մենք մեր խնդիրներն ու հոգսերը աղոթքով Տեր Աստծո հոգատար ձեռքերի մեջ ենք փոխանցել։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը կարո՛ղ է հոգ տանել քեզ, քո ընտանիքի ու քո երեխաների համար և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարևոր ու թանկ են քեզ համար։ Դու երբեք չես կարող ամեն վայրկյան նրանց կողքին լինել, որպեսզի պաշտպանես նրանց բոլոր վտանգներից ու գայթակղություններից։ Իսկ Աստված միշտ կարող է դա անել։ Ե՛կ միասին ընթերցենք Սաղմոս 121:2-5 հատվածը. «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ»։
Քաջալերում եմ քեզ հոգս անելու փոխարեն՝ քո ընտանիքը, քո երեխաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր կարևոր ու սիրելի են քեզ, վստահես Տիրոջը՝ Նրան աղոթքով խնդրես, որ Տերը պաշտպանի, առաջնորդի ու ուղղորդի նրանց։ Սա անելով՝ մենք պետք է դադարենք անհանգստության ու հոգսի ծանրությունը ինքներս մեր ուսերին կրելուց։ Աղոթի՛ր և վստահի՛ր Աստծուն։ Հանի՛ր քո վրայից վախի հանդերձը և փոխարենը հագի՛ր աղոթքի ու Աստծուն վստահելու հանդերձները։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՜ր, ես խոստովանում եմ, որ անհանգստանում եմ իմ ընտանիքի անդամների համար։ Այնքա՜ն կուզեի ամեն վայրկյան նրանց կողքին լինել և իմ կարողության չափով օգնել ու պաշտպանել նրանցից յուրաքանչյուրին։ Սակայն գիտեմ, որ դա անհնար է։ Սակայն այն, ինչն անհնար է ինձ համար, հնարավոր է Քե՛զ համար, իմ ամենակարող Տե՛ր։ Հենց այդ պատճառով էլ հավատքով դիմում եմ Քեզ։ Ընտանիքիս ու ինձ սիրելի մարդկանց համար իմ անհանգստություններն ու հոգսերը վստահում եմ Քեզ, իմ բարի ու ողորմած Տե՛ր։ Խնդրում եմ՝ պաշտպանիր և պահպանիր նրանց։ Խնդրում եմ՝ Քո ճանապարհների վրա կանգնեցրու և պահիր չարի ամեն որոգայթներից ու գայթակղություններից։Խնդրում եմ՝ ներիր նրանց մեղքերն ու շնորհիր նրանց Քեզ ճանաչելու և Քեզ ընդունելու արտոնությունն ու պատիվը։ Ես հավատում եմ, որ Դու տեսնում ես իմ հավատը Քո հանդեպ, իմ Տե՛ր և իմ ուսերից վերցնում ես իմ ընտանիքի համար իմ բոլոր անհանգստությունները։ Շնորհակալ եմ Քո անսահման մեծ սիրո, շնորհքի և հավատարմության համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը