![December-27 December-27](https://hisus.am/wp-content/uploads/2024/12/December-27-1024x538.jpg)
Մենք մոտենում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքի ավարտին։ Եվ այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մի կարևոր սովորության մասին։
Սիրելի՛ բարեկամ, մարմնամարզությունն, անշուշտ, լավ սովորություն է, որովհետև օգնում է պահպանել մարմինն առողջ՝ նպաստելով Աստծու ստեղծած այս զարմանալի օրգանիզմի համընդհանուր հավասարակշռված աշխատանքին։ Ես շատ եմ փափագում, որ ֆիզիկապես մարզվելու իմ ջանքերը՝ քայլելը, ֆիզիկական աշխատանքը կամ վարժություններ կատարելը դառնան կանոնավոր։
Սակայն կա մարզանք, որը ոչ պակաս կարևոր է և որն օգնում է մեզ առողջ պահել մեր էության մի կարևոր մասը։ Դա Աստծու տված բարիքները գնահատելն է։
Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները» (Սաղմոս 103․2)։
Ինչո՞ւ է կարևոր Աստծու տված բարիքները գնահատելը։ Աստծուն մշտապես փառաբանելը և Նրա ամեն բարիքները հիշելը մեզ օգնում են մնալ գոհունակության, երախտագիտության և խոնարհության դիրքում։ Այդպես մենք Նրան ավելի ու ավելի ենք մոտենում։
Հակառակ դեպքում մենք ո՛չ թե տեսնելու ենք այն ամենը, ինչ մեզ պարգևել է Աստված, այլ կենտրոնանալու ենք այն ամենի վրա, ինչ ունեն մյուսները, իսկ մենք չունենք։ Գոհունակության և երախտագիտության բացակայությունը մարդուն տանում է տրտունջի ու դժգոհության։ Սա մի ծանր հոգևոր հիվանդություն է, որի զոհերը բավականին մեծ թիվ են կազմում։
Այսպիսով, Աստծու պարգևները հիշելն ու գնահատելը օգտակար են մեր հոգու առողջության համար։ Դա հիանալի հոգևոր մարզանք է ամեն օրվա համար։
Սովորություն #5․ «Փառաբանի՛ր Աստծուն Նրա տված ամեն օրվա բարիքների համար»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե սիրտդ երախտագիտությամբ լցված պահես, դառնությունն ու հիասթափությունը չեն պաշարի քեզ։ Գոհացի՛ր Աստծուց ամեն օր, ինչպիսի իրավիճակների մեջ էլ հայտնված լինի կյանքդ․․․ Երբե՛ք չմոռանաս այս հրաշալի խոստումը, որը Տերը տվել է Իրեն սիրողների համար․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):
Եթե ուզում ես, կարող ես հենց հիմա ինձ հետ միասին շնորհակալություն հայտնել Տիրոջը քո կյանքում Նրա գործած բարիքների համար․ «Տե՛ր Աստված, ինչպե՞ս շնորհակալ չլինեմ, ինչպե՞ս չգոհանամ Քեզնից… Եվ ոչ միայն այս առավոտ արթնանալու ու նոր օր ապրելու հնարավորության համար․․․ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ պարգևած յուրաքանչյուր տեսանելի և անտեսանելի բարիքիդ համար, որ ունեմ ներկայում, ունեցել եմ անցյալում և որ տալու ես ինձ ապագայում։ Շնորհակալ եմ Քո հավատարմության, անդավաճան սիրո և անսպառ օգնություններիդ համար։ Ես սիրում եմ Քեզ, Տե՛ր Հիսուս։ Ողջ փառքը Քեզ լինի։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը