November 10

Գլխավոր | Հրաշքներ | Քո զորությունը աճելու է, երբ արդեն իսկ ընթացքի մեջ ես

Քո զորությունը աճելու է, երբ արդեն իսկ ընթացքի մեջ ես

Սիրելի բարեկա՛մ, այսօր ավարտում ենք Եսայիա մարգարեության այս հրաշալի հատվածի ուսումնասիրությունը։ Իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ այս շաբաթը հոգնածության եւ ուժասպառության դեմ հաղթանակի նոր սկիզբ էր քեզ համար։ 

«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭Եսայիա ‭40.29-31‬):

Հավատացյալի կյանքն ամեն օր առաջ գնալու մի ընթացք է։ Սակայն երբեմն մենք կանգ ենք առնում․․․ Փորձությունները, հիվանդությունները, մերժվածությունը, վատ լուրերը, ամբարիշտ մարդկանց լարած որոգայթները, կամ հենց չարի կրակոտ նետերը… թվում է, թե այս ամենն ուղղված է միայն մեկ նպատակի, որպեսզի շեղվի ու խափանվի Աստծո կամքի մեջ մեր ունեցած հաղթական ընթացքը։ 

Մի օր Տեր Հիսուսը մի մարդու հանդիպեց Բեթհեզդայի ավազանի մոտ։ Նրա կյանքն ասես կանգ էր առել։ Այն անիմաստ մի գոյատևման էր վերածվել։ Այս մարդու կյանքը տարիներ շարունակ միայն մեկ նպատակ ուներ, որն էլ երբե՛ք չէր իրականանում և հույս էլ չկար, որ կիրականանա։ Նա փափագում էր բժշկվել, սակայն չուներ մեկը, որ օգներ իրեն ճիշտ ժամանակին առաջինը ավազանին հասնելու համար։ 

Տեր Հիսուսը, տեսնելով նրան պառկած այդ ավազանի մոտ և իմանալով, որ տարիներ շարունակ տառապում է անդմալուծության հասցրած մի հիվանդությունից, ասաց նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։  Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։ Մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ ‭‭(Տե՛ս Հովհաննես‬ ‭5․6-9 հատվածը‬)։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տեր Հիսուսը կամենում է այսօր քեզ զորացնել, որպեսզի դու էլ ոտքի կանգնես ու առաջ քայլես՝ անկախ նրանից, թե ինչպիսի դժվարությունների ես հանդիպել կյանքում և ինչպիսի հարվածների տակ ես կքվել ու վայր ընկել։ Տերը կամենում է, որ դու ոչ միայն առաջ ընթանաս, այլև առաջ ընթանաս առանց հոգնելու։ Սա է Աստծո Խոսքի խոստումը քեզ՝ «Նրանք կգնան և չեն նվաղի»։ Եթե դու վստահում ես Աստծուն, սիրում ես Նրա կամքը և փափագ ունես Նրա կամքը այս երկրի վրա կատարող մեկը դառնալու, ապա հե՛նց քեզ համար է այս խոստումը։ 

«Երանի՜ Քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն Քեզ։ (Սելա)։ Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը Քեզնից է, որոնց սրտերում դեպի Քո տունը տանող ճանապարհներ կան։ Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ» (‭‭Սաղմոս‬ ‭84․4-6):

Երբ շարունակում ես առաջ շարժվել, քո ուժն ու զորությունը գնալով ավելանում են։ Դու քո սրտում նոր ուղիների ու ճանապարհների հուշումներ կհայտնաբերես, իսկ արտասուքի հովիտներդ կվերածես գարնան ծաղկուն և օրհնության ժամանակների։ 

Ինչո՞ւ։ Որովհետև դու մենակ չես, այլ քայլում ես Տիրոջ հետ։ Քայլել Աստծո հետ նշանակում է քո կողքին ունենալ ամենակարող Աստծուն, որպես Քո Ուսուցիչ, Մխիթարիչ և Օգնական։ 

Այսպիսով, ինչպիսի դժվարության ու խոչընդոտի էլ բախված լինես, ինչպիսի հարվածներ էլ ստացած լինես կյանքում, փորձի՛ր հավաքել բոլոր ուժերդ, ողջ համարձակությունդ ու հավատքով ոտքի կանգնել, քանի որ դու մենակ չե՛ս։ Եվ եթե Աստծո հետ ես առաջ շարժվում, ապա դու ավելին ես, քան միայն հաղթող։ Որտեղ վերջանում են քո ուժի և հնարավորության սահմանները, ճի՛շտ այդտեղ սկսվում են գործի դրվել Աստծո հնարավորություններն ու անսահման զորության դրսևորումները։ Դու այլևս հոգնածության և ուժասպառության ծառան չես։ Հայացքդ ուղղի՛ր Տեր Աստծուն և վստահի՛ր Նրա Խոսքին։ Նա կարո՛ղ է ազատել քեզ այդ դաժան գերությունից։ Աստված քեզ հետ զորավոր ծրագրեր ունի։ Քո կյանքը անիմաստ չէ՛։ Փնտրի՛ր ու կգտնես․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: