December-9

Գլխավոր | Հրաշքներ | Քո ամենածանր իրավիճակն էլ ժամանակավոր է

Քո ամենածանր իրավիճակն էլ ժամանակավոր է

Սիրելի՛ բարեկամ, երբեմն մենք անցնում ենք կյանքի այնպիսի իրավիճակներով, որոնք չենք հասկանում, և չունենք այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է այդ ամենը պատահում մեզ: Սակայն, եթե մենք հավատում ենք Աստվածաշնչի խոսքերին, ապա վստահ պետք է լինենք, որ Աստված վերահսկում է մեր կյանքի ընթացքը, և Նա մեզ պատահած ամեն բաները բարուն գործակից է դարձնելու։ Սա հրաշալի քաջալերանք է դժվարություններով ու փորձություններով անցնող յուրաքանչյուր հավատացյալի համար։ 

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8.28):

Հրաշալի խոստում է, այնպես չէ՞։ Սակայն մի բան է՝ իմանալ այս խոստման մասին և բացարձակապես մեկ այլ բան՝ դրանում համոզված լինելը։ Օրինակ, դու գիտես, որ Աստված սիրում է քեզ։ Սակայն արդյոք համոզվա՞ծ ես այդ ճշմարտության մեջ։ Իսկ քո կյանքի դժվարությունների ժամանա՞կ․․․ Իսկ այն ժամանակ, երբ վնաս կամ կորուստ ես ունենում քո կյանքո՞ւմ․․․ 

Աստվածաշնչի ամենատառապած կերպարներից մեկը Հոբն է։ Ե՛կ լսենք նրա խոսքերը․ «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի» (Հոբ 19․25):

Այս խոսքերը Հոբն ասում էր իր ամենախորը տառապանքների մեջ՝ հիվանդություն, կորուստ, սուգ, վիշտ, ցավ, տառապանք, հոգևոր հարձակումներ… և նաև այնպիսի մի կին, որն օգնական լինելու փոխարեն խորհուրդ էր տալիս Հոբին՝ անիծել Աստծուն ու մեռնել (Տե՛ս Հոբ 2․9 խոսքը):

Հոբը չուներ  քաջալերանքի ոչ մի աղբյուր՝ ո՛չ իր կինը, ո՛չ իրավիճակի դրական ընթացքը, ո՛չ էլ անգամ ընկերները, որոնք մխիթարելու փոխարեն մեղադրում էին նրան։ 

Բայց այս ամենի մեջ Հոբը համոզված էր, որ Իր Փրկիչը կենդանի է: Նա գիտեր, որ Տերն օգնելու է իրեն, որ բարձրացնելու է իրեն անկում ապրած այդ իրավիճակից, սպեղանի է դնելու իր բոլոր վերքերի վրա և վերականգնելու է իր կյանքը: Նա համոզված էր, որ Աստված լռեցնելու է իր հոգու թշնամուն՝ այն թշնամուն, որ որոնում է մեկին, որ գողանա, սպանի և կործանի (Տե՛ս Հովհաննես 10.10 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ, որ լավ հիշես ու երբե՛ք չմոռանաս Աստծու Խոսքին հնազանդ կյանք ապրող հավատացյալներին տրված այս զորավոր խոստումը․ «Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն» (Հռոմեացիս 16․20):

Վստահ եղի՛ր. Քո դժվարին իրավիճակը ժամանակավոր է, եթե դու քեզ նվիրել ես Աստծու կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդ կյանք ապրելուն։ Աստված արդե՛ն իսկ ելք է պատրաստել քեզ համար:

Մենք գիտե՛նք Ում ենք հավատացել՝ Ամենակարող Աստծուն, Տիեզերքի Արարչին, Տերերի Տիրոջը, Բարի Հովվին, Ով Սկիզբն է և Վերջը՝ Ալֆան ու Օմեգան։ Մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, Ով Իր Խոսքի հեղինակությունն Իր անունից բարձր է դրել։ Նա հավատարիմ է և պահում է Իր խոստումները։ Եվ եթե Նա ասել է, որ Իրեն սիրողների համար ամեն բան դեպի բարին է լինելու, ապա մենք մեր ամբողջ էությամբ հավատում ու վստահում ենք Նրան։ 

Այսպիսով, եթե կարող ես վստահաբար ասել, որ քո ողջ էությամբ ուզում ես ճանաչել Աստծու կամքն ու հնազանդվել այդ կամքին, ապա կարող ես նաև համոզված լինել, որ քո կյանքն Աստծու ձեռքերում է՝ Նրա ծրագրի սահմաններում, և ամեն բան դեպի բարին է լինելու քեզ համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: