November-18

Գլխավոր | Հրաշքներ | Տե՜ր, տո՛ւր ինձ Քո զորությունը

Տե՜ր, տո՛ւր ինձ Քո զորությունը

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու երբևէ աղոթե՞լ ես Աստծուն այս բառերով. «Տե՛ր, տո՛ւր ինձ Քո զորությունը»։ Կյանքի դժվար պահերին մենք հաճախ ենք գերբնական օգնության կարիք զգում։ Ամեն անգամ, երբ անհուսությունն ու անհանգստությունը գլուխ են բարձրացնում քեզ ուժասպառ անելու ու դեպի ցած քաշելու նպատակով, դու կարող ես հավատքով ամուր կառչել Աստծո Խոսքի խոստումներից։ Սակայն դրա համար դու պետք է Աստվածաշունչ ընթերցող մարդ լինես և տեղյակ լինես դրանց։ Ահա մի հրաշալի խոստում Աստվածաշնչից․ 

«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը» (‭‭Եսայիա 40‬.29‬):

Ոչ ոք չի կարող խուսափել այն փոթորիկներից ու կատաղի քամիներից, որ կարող են բարձրանալ մարդու կյանքի տարբեր ոլորտներում՝ աշխատավայրում, ընտանիքում, առողջության կամ ֆինանսների բնագավառում և այլն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կրկին ուզում եմ քեզ հարցնել՝ երբևէ աղոթե՞լ ես Աստծուն այս խոսքերով. «Տե՛ր, ես այնքա՜ն կարիք ունեմ, որ ուժ տաս ինձ և ինձ լցնես Քո զորությամբ»։ 

Այո՛, մենք Տեր Աստծո զորության կարիքն ունենք մեր կյանքի փոթորիկների մեջ…

Աստված Իր Խոսքում կրկին ու կրկին մեզ հայտնում է, որ ցանկանում է մեզ տալ այն զորությունը, որի կարիքն ունենք թե՛ մեր առօրյա պարտականությունների կատարման համար և թե՛ ճգնաժամային իրավիճակներից ելք գտնելու ու դրանցից դուրս գալու համար։ Աստվածաշնչի բոլոր խոստումներն էլ թանկ են ու կարևոր։ Սակայն այսօր ուզում եմ հավատքով վերցնես քո դժվարությունների մեջ քեզ զորացնելու Նրա թանկ խոստումը։ 

Տեր Աստծու խոստումները խոնարհների համար են։ Մենք պետք է Նրա կամքին մեր հնազանդությամբ ցույց տանք մեր հավատարմությունն ու խոնարհությունը։ Մենք պետք է Աստծուց աղոթքով խնդրենք Նրա օգնությունն ու շնորհը, ինչպես նաև հավատքի վստահություն ունենանք Նրա զորության նկատմամբ։

Քո առօրյա կյանքի մեջ կամ քեզ այցելած փորձության ամենածանր պահին, հորդորում եմ քեզ, որ հայացքդ ուղղես դեպի Աստված և քո մտահոգությունների մեջ Նրա միջամտությունը փնտրես։ Նրա՛ն դիմիր ու Նրանի՛ց օգնություն ակնկալիր, և Աստված կբարձրացնի ու կզորացնի քեզ։ 

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Ամենակարող Աստվա՛ծ, Քեզ ամեն բան է հայտնի իմ մասին։ Երբ պայքարելու համար ինձ այլևս ուժ չի մնում, գիտեմ, որ Դու կարող ես զորացնել ինձ և լցնել Քո ուժով և գերբնական համբերությամբ։ Դու ես այն Միակը, Ով վերականգնում է մարդու ուժը, Ով հույս ու համարձակություն է տալիս հավատարիմներին։ Խնդրում եմ՝ ինձ իմաստություն տուր Քո հավատարիմ աշակերտի կյանքով ապրելու և Քեզ նմանվելու համար։ Ես փափագում եմ լինել Քեզ պես հեզ և խոնարհ, ինչպես նաև նախանձավոր և համարձակ այս աշխարհի մեջ։ Շնորհակալ եմ, որ Քո մեջ եմ գտնում իմ ուժի և զորության աղբյուրը։ Դու իմ զորավոր օգնությունն ես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: