Novmeber-8

Գլխավոր | Հրաշքներ | Սրտի վերքերը բուժելու երեք բանալի

Սրտի վերքերը բուժելու երեք բանալի

Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել վիրավորանքը բուժելու 3 բանալիներով։ Գիտե՞ս արդյոք, որ երբ մենք վիրավորված ենք, գիտակցաբար կամ անգիտակից կերպով տարբեր մեթոդներ ենք կիրառում մեր սրտերը պաշտպանելու համար։ Օրինակ՝

  • Փորձում ենք անտեսել մեզ վիրավորած անձին՝ կարծելով, թե նա կանհետանա մեր կյանքից:
  • Փորձում ենք թաքցնել մեր ցավն ու տառապանքը՝ կարծելով, թե եթե մյուսները դա չտեսնեն, դրանից մեր սրտի ծանրությունը կթեթևանա։ 
  • Կամ փորձում ենք աստվածաշնչյան հիմնավորումներ գտնել մեր կրած վերքերի համար ու դրանցով սփոփել ինքներս մեզ։

Սիրելի՛ բարեկամ, այս մոտեցումներն, իրականում, գրեթե ոչ մի դրական արդյունք չեն բերում մեր կյանք։ Նման մոտեցման արդյունքում փակված վերքն անգամ  ամենափոքր խնդրի դեպքում նորից բացվում է և սկսում առաջվա նման ծանրացնել ու ցավեցնել մեր սիրտը։ 

Եթե իրոք ուզում ես, որ քո սրտին հասցված վերքերը բուժվեն և բուժվեն վերջնականապես, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որ ձեռնարկես այս երեք գործնական քայլերը.

  1. Ընդունի՛ր, որ ներելու (ինչպես ցանկացած այլ ոլորտի) մասին Աստծո Խոսքի ճշմարտությունները վեր են քո անձի բոլոր ապրումներից, պատկերացումներից և հիմնավորումներից․ «Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ Իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (‭‭Եսայիա ‭55․9‬‬)։
  2. Շարունակի՛ր առաջ նայել, քանի որ անցյալում կատարվածն այլևս ի զորու չես փոխելու։ Սակայն Աստծու շնորհքով կարող ես փոխել քո մոտեցումն ու ընկալումն ապագայի հանդեպ և նոր վերաբերմունք ձևավորել, որը կամրացնի քեզ և կպահի Աստծո կամքի ապահովության տիրույթում։
  3. Վստահի՛ր Աստծուն քո նեղությունների ու դժվարությունների մեջ։ Անշուշտ, սա այնքան էլ հեշտ չէ։ Սակայն երբ վստահում ես Նրան, Նա վերցնում է քո տառապանքն ու դեպի բարին կիրառում այն, ինչի արդյունքում բժշկվում է սիրտդ և վերականգնվում ուրախությունդ։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը. «Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ» (‭‭Սաղմոս‬ ‭30․11

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կոչ եմ անում քեզ այս երեք խորհուրդները կիրառել քո կյանքում, որովհետև դրանք բանալիներ են, որոնք Աստված ուզում է օգտագործել քո սրտի դառնությունից, վիրավորվածությունից ու տառապանքից քեզ ազատելու համար։

Վստահի՛ր Աստծուն։ Միայն Նա՛ կարող է բուժել քո սիրտը, հոգին ու միտքը։ Նա կարո՛ղ է քո օրը լցնել ուրախությամբ։ Նա կարո՛ղ է հեռացնել քո վրայից սգո հանդերձանքը և ուրախության հանդերձներ հագցնել քեզ։ Փառաբանի՛ր Աստծուն, քանի որ դու կարո՛ղ ես Նրա օգնությամբ հաղթահարել մարդկանց կողմից քեզ հասցված բոլոր վիրավորանքները, ներել քեզ ցավեցնողներին և Տիրոջ շնորհով բժշկել սրտիդ բոլոր վերքերը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: