July-3 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Սրբության ձգողականության օրենքը

Սրբության ձգողականության օրենքը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է։ Սրբությունը սկսվում է ապաշխարությունով, երբ մարդը փոխում է իր մտածելակերպն ու մոտեցումները, և շարունակվում հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն ավելի ու ավելի է հմտանում Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչո՛ւ է Աստվածաշնչում Տեր Աստծու բազմաթիվ սքանչելի որակների մեջ հատուկ շեշտադրվում սրբությունը։ Աստված սեր է, սակայն Երկնքում հրեշտակները չեն երգում «Սե՜ր, սե՜ր, սե՜ր Աստված»։ Աստված բարի է, սակայն Երկնքում հրեշտակները չեն երգում «Բարի՜, բարի՜, բարի՜ Աստված»։

«Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է» (Հայտնություն 4.8):

Տեր Աստծու սրբության որակը առանձնահատուկ է հե՛նց մարդու հետ Նրա հաղորդակցության և հարաբերության առումով։ Աստված Իր հետ հանդիպում փափագող մարդկանց ասում է․ «Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ Ես՝ ձեր Տեր Աստվածը» (Ղևտացոց 19.2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սրբության մեջ մի զորավոր ձգողականություն կա։ Քանի որ մենք անկարող ենք սրբության կյանքով ապրել առանց Տեր Հիսուսի օգնության և մեր կյանքում Նրա մշտական ներկայության, ապա սրբության կյանքով ապրող հավատացյալն իր մեջ մի արտասովոր զորության ձգողականություն ունի, որը դեպի իրեն է ձգում թե՛ Աստծուն փնտրող մարդկանց և թե՛ հենց Տեր Աստծուն, Ով երբե՛ք չի կարողանում անտարբեր մնալ Իր Որդու արյունով սրբագործված մարդկանց հանդեպ։ Պետրոս առաքյալը լավագույնս բացատրում է մեր՝ սուրբ լինելու հինկտակարանյան պատվերը և կրկնում այն արդեն Նոր Կտակարանում․

«Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.13-16):

Աստված ինքնիշխան է և կարող է որոշել ու այցելել ցանկացած մարդու։ Սակայն եթե մարդն է ուզում մուտք ունենալ տերերի Տեր և թագավորների Թագավոր ամենակալ Տեր Աստծու մոտ, ապա պետք է հատուկ զգուշությամբ պատրաստվի այդ հանդիպմանը և ունենա համապատասխան մաքրություն ու սրբության հանդերձանք, ինչի մասին էլ կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: