February-22 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Սրբության կյանքը զորացնում է մարդու հավատքը

Սրբության կյանքը զորացնում է մարդու հավատքը

Սրբության կյանքը մարդու հաղթանակն է մեղքի նկատմամբ։ Մինչ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելը մարդն ապրում է մեղքի գերության մեջ։ Մեղքի իշխանությունը ստրկության վիճակում էր պահում մեզ, և այդ դաժան իշխանության տակ լինելը ստիպում էր մեզ անել բաներ, որոնց համար հետո զղջում էինք, հիասթափվում ինքներս մեզնից և ամաչում մարդկանց ու Աստծու առջև։ 

Սիրելի՛ բարեկամ, սրբության կյանքը Քրիստոսի ազատարար զորության պտուղն է ամեն հավատացյալի կյանքում։ Տեր Հիսուսի յուրաքանչյուր աշակերտ ապրում է մեղքի իշխանության ստրկությունից ազատագրված կյանքով։ Քրիստոսի շնորհքն ընդունածներն այլևս մեղքի գերության տակ չեն և ունակ են դառնում ապրելու սրբության հաղթական կյանքով։

«Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիս 6.14

Տեր Հիսուսի անվան մեջ անգամ ամփոփված է Նրան հավատացողների հաղթանակը մեղքի իշխանության հանդեպ․ «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից» (Մատթեոս 1.20-21

Երբ քո գործերը համահունչ են այն ամենին, ինչին հավատում ես, քո հավատքը գնալով ավելի ու ավելի ամուր է դառնում։ Հավատքի ամրությունն ուղղակիորեն կապված է սրբության կյանքի հաղթանակների հետ։ Իսկ մեղքի դեմ պատերազմում մեր պարտություններն ու սայթաքումները թուլացնում են մեր հավատքը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ամեն բան․․․, բացարձակապես ամեն բան հոգացել է, որպեսզի ես և դու ապրենք սրբության հաղթական կյանքով։ Մեր կյանք այցելած մեղքի դեմ յուրաքանչյուր հաղթանակն ավելի է զորացնում մեր հավատքը։ Իսկ այս հաղթանակը կախված է նրանից, թե արդյոք մենք ամեն բան անո՞ւմ ենք հենց այն կերպով, ինչպես մեզ սովորեցնում է Աստվածաշունչը։

Ուզում եմ այսօր հստակ ու պարզ ասել քեզ, որ չկա՛ այս աշխարհում մի մեղք, որին հնարավոր չլինի հաղթել, որի իշխանությունից անհնարին լինի ազատվել․․․ Չկա՛ այնպիսի մի մեղք, որի զորութունն ավելին լինի, քան Տեր Հիսուսի շնորհքն ու Սուրբ Հոգու զորությունը։ Միայն վստահի՛ր Տեր Հիսուսի խոսքերին և պատերազմի՛ր մեղքի դեմ մղվող պատերազմը Նրա ուսուցանած կերպով և Նրա փոխանցած զենքերով։

Քո հոգևոր հաղթանակները՝ քո սրբության կյանքը, ամրացնելու են քո հավատքը, մտերմացնելու են քեզ Տեր Աստծու Սուրբ Հոգու հետ և քեզ Հոգով լցված ու հավատքի նվիրյալ կյանք ապրող մեկն են դարձնելու Տեր Աստծու աչքերում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: