Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք այն մասին, որ Աստծուն հանդիպելը ոչ միայն հնարավոր է, այլև Աստվածաշունչն է սովորեցնում այդ մասին։ Խոսեցինք Աստծուն հանդիպած մարդկանց փոխված կյանքերի վկայության մասին, ինչպես նաև խոստացանք, որ այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք այն նախապայմանին, որը, ինչպես Աստվածաշունչն է սովորեցնում, պարտադիր պայման է Տեր Աստծու հետ իրական հանդիպում ունենալու համար։
Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է հնարավոր, որ մեղավոր մարդը հանդիպի սուրբ Աստծու հետ։ Որքան էլ մենք տրամաբանենք ու փորձենք հասկանալ այս զորավոր ճշմարտությունը, միևնույնն է, մեր միտքը չի կարող այն ըմբռնել, քանի դեռ մեր ամբողջ էությամբ չենք վստահում Աստծու Խոսքին և Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությանն այս մասին։ Տերը հստակ ասում էր, որ դա հնարավոր է։ Եվ ոչ միայն հնարավոր է, այլև Աստված մեծ փափագ ունի, որ մենք կատարենք Իր հետ հանդիպելու նախապայմանը և ունենանք մեզ սիրող Հոր հետ այնքա՜ն սպասված հանդիպումը։
Ինչո՞ւ է Աստված փափագում հանդիպել մարդուն, և ոչ միայն հանդիպել, այլև ունենալ հարատև ու ջերմ հարաբերություն։ Մի պարզ պատճառով՝ քանի որ սիրում է մեզ։ Սակայն մեզ անսահման մեծ ու խորը սիրով սիրող մեր երկնային Հոր հետ հանդիպելու համար գոյություն ունի մի կարևոր նախապայման։ Մենք պետք է տարբեր լինենք ու այլ կերպ մտածենք ու գործենք, քան այս աշխարհի մարդիկ են մտածում ու գործում։
«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու նախապայմանը սրբության կյանքի փափագ ունենալն է։ Մաքրության ու անարատության կյանքն անհասանելի է ցանկացած մարդու համար։ Ոչ ոք չի կարող իր սեփական ուժերով նման կյանք ապրել։ Սակայն Աստված Գողգոթայի խաչի վրա Իր Որդու զոհով սրբության անհասանելի կյանքը հասանելի դարձրեց յուրաքանչյուր մարդու համար, որը կհավատա Որդուն և իր սրտում որոշում կկայացնի ապրելու ըստ Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությունների։
«Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհաննես 14․21):
Տեր Հիսուսն ուսուցանում էր, որ Ինքն Իրեն հայտնելու է այն մարդկանց, որոնք սիրում են Իրեն ոչ միայն խոսքերով, այլ այդ սերն ապացուցում են Իր պատվիրանները՝ Իր ուսուցանած ճշմարտությունները պահելով։ Հենց սա՛ է սրբության կյանքը։ Հենց սա՛ է Աստծուն հանդիպելու նախապայմանը։ Սրբության կյանքն անսխալական ու անթերի կյանքը չէ, այլ Տեր Հիսուսի խոսքերին հավատալը և Նրա պատվիրաններին հնազանդվելու մեծագույն փափագ ունենալը։
Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին։ Ձգտո՞ւմ ես արդյոք քո կյանքն ապրել ո՛չ թե այս աշխարհի մարդկանց նման, այլ տարբերվում ես նրանցից, քանի որ քո կյանքի որոշումներն ու քո վարքագիծը կազմավորվում են ո՛չ թե քո պատկերացումներով կամ աշխարհի մարդկանց ճնշումների ներքո, այլ քո Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուսուցումների և փոխանցած ճշմարտությունների շնորհիվ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը