November-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Մխիթարվում ենք, որ մյուսներին մխիթարենք

Մխիթարվում ենք, որ մյուսներին մխիթարենք

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Աստծուց մխիթարություն ընդունած մարդկանց կարևորագույն առաքելության մասին։ 

Սիրելի՛ բարեկամ, եթե դու մխիթարություն ես ընդունել Տիրոջից կամ դեռ այդ ճանապարհին ես, ապա ուզում եմ քեզ վստահեցնել, որ Աստված նաև ակնկալիք ունի քեզնից։ Քեզ օգնելու ու մխիթարելու Տեր Աստծու շարժառիթը սերն է քո հանդեպ։ Սակայն մենք պետք է հիշենք, որ Աստված սիրում է նաև մեր շրջապատի մարդկանց։ Որքա՜ն շատ են մեր շրջապատում այն մարդիկ, որոնք նույնպես ունեն Տեր Աստծու օգնության ու մխիթարության կարիքը։

«Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (Բ Կորնթացիս 1․3-4):

Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Երբ Աստված օգնում է մեզ և հանում որևէ ճահճից, մենք սովորում ենք այդ դժվարությունը Տեր Աստծու օգնությամբ հաղթահարելու ուղին։ Աստծուց մխիթարություն ընդունողները լավագույնս գիտեն սգի ու կորստի տառապանքից դուրս գալու և Տիրոջ օգնությամբ վերականգնվելու ուղին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը մեզ փոխանցում է Տեր Աստծուց շնորհ ընդունածներից հենց Տեր Աստծու ունեցած ակնկալիքը։ Տեր Աստծուց մխիթարություն ընդունած մարդը դառնում է մյուսներին մխիթարելու առաքելության մասնիկը։ Աստծու սերն ընդունած և փորձառաբար վերապրած մարդը դառնում է այդ անըմբռնելի խորն ու զոհաբեր սերը մյուսներին փոխանցող միջոցը։

«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):

Ոմանք ունեն քարոզելու շնորհ, ոմանք՝ ուսուցչության, ոմանք՝ կազմակերպչական շնորհներ, ոմանք՝ խորհրդատվության կամ քաջալերանքի։ Սակայն Աստծուց մխիթարություն ընդունած մարդիկ այդ մխիթարությունն ընդունելու հետ մեկտեղ ընդունում են նաև մյուսներին մխիթարելու կարևորագույն շնորհը։ Ո՞վ կարող է լավագույնս հասկանալ սուգ ու տառապանք տեսած մարդուն, եթե ոչ այն մարդը, որն անցել է այդ ամենով և կարողացել վերականգնվել Տեր Աստծու օգնությամբ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: