Որքա՜ն մեծ խաղաղություն կա Տեր Աստծու ապահովությունն ընդունած մարդկանց համար։ Ինչպիսի՜ մեծ երանություն է Տեր Աստծու պաշտպանության ներքո ապրելը։ Մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ աներևակայելի օրհնություն է փոթորիկներ Խաղաղեցնողի հովանու ներքո ապրելը։
Սիրելի՛ բարեկամ, մի տարածված կարծրատիպ կա, որն այսօր առաջարկում եմ միասին քննել և բացահայտել դրանում պարփակված խաբեությունը։ Մարդիկ մտածում են, թե երբ սկսեն ծառայել Աստծուն, չարը կկատաղի դրանից և է՛լ ավելի մեծ զորությամբ կհարձակվի նրանց վրա։ Ոմանք անգամ վկայում են, որ ունեցել են Աստծուն ծառայելու որոշում և անգամ որոշակի քայլեր են արել, բայց հետո, տեսնելով չարի կատաղի հարձակումները, մտափոխվել են և որոշել ապրել առանց Աստծուն ծառայելու, որպեսզի շատ չբարկացնեն չարին։ Հույս ունեմ, որ դու չես ընկել մոլորության այդ նույն ծուղակի մեջ։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5)։
Մյուս ծայրահեղությունը պնդում է, թե չարն ընդհանրապես գոյություն չունի կամ չի կարող որևէ ազդեցություն ունենալ հավատացյալի կյանքի վրա։ Մարդիկ ունեն իրենց կարծիքները, սակայն հոգևոր աշխարհի և հավատքի կյանքի վերաբերյալ ճշմարտությունը պարփակված է միայն Աստծու անսխալական Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ։ Տեր Հիսուսն Ինքն էր սովորեցնում, որ մենք աղոթենք մեր երկնային Հորը, որպեսզի Նա ազատի մեզ չարից (տե՛ս Մատթեոս 6.13 խոսքը):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ մի կողմ դնենք մեր պատկերացումները և հավատա՛նք Աստծու անսխալական Խոսքին։ Չարը իրական է, սակայն պետք չէ չափազանցնել նրա հնարավորությունները։ Աստվա՛ծ է տիրում Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող մարդու կյանքում։ Տերը գիտի պահել հավատարիմներին։
«Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ Նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։ Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա» (Սաղմոս 31․23-24):
Չարը չի կարող վնասել Տեր Աստծու պաշտպանության տակ գտնվող մարդուն։ Նա ընդամենը կարող է խաբել ու ստության մտքեր ուղարկել։ Ստության հայրը՝ սատանան, մի մեծ վախ ունի, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուր հավատացյալ։ Սատանան վախենում է Տեր Աստծու կամքին հնազանդ մարդկանցից։ Նա փախչում է, երբ տեսնում է նվիրում, ծառայելու փափագ, որը զուգորդվում է Տեր Աստծու կամքին հնազանդության ու սրբության կյանքով։
«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):
Երբե՛ք չվախենաս Աստծուն ծառայելուց։ Չարը վախենում է Աստծու կամքին հնազանդ մարդկանցից։ Աստված հավատարիմ է և հավատարիմներին պահում է չարից։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը