December-2

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ թաքնվիր

Մի՛ թաքնվիր

Սիրելի բարեկա՛մ, այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը։ Առաջիկա 7 օրերի ընթացքում ուզում եմ քեզ հետ կիսվել 7 հիմնարար ճշմարտություններով, որոնք կօգնեն քեզ Երկնքի արքայության դեսպանը դառնալու հարցում, ինչն, անկասկած, Տեր Աստծո հանձնարարականն է Իր յուրաքանչյուր հավատարիմ զավակի համար։

Հաճախ կարող ենք լսել, թե ինչպես են մարդիկ դժվարանում խոսել հավատքի մասին․ «Ես չեմ կարողանում իմ շրջապատի մարդկանց հետ խոսել Տեր Հիսուսի մասին․․․ Չգիտեմ, թե ինչպես այդ թեման բարձրացնել, որպեսզի մարդն անհարմար չզգա իրեն կամ չճնշվի հոգևոր թեմաներով զրույցներից։ Բայց ես ուզում եմ պատմել Ավետարանի մասին․․․ Ես աղոթում եմ դրա համար։ Ի՞նչ կարող եմ անել նման իրավիճակներում»։

Ինձ ծանոթ է այս զգացողությունը։ Շատ անգամ ինքս եմ նույնը զգացել։ Բայց նաև հասկացել եմ, որ մարդկանց անհրաժեշտ է այն, ինչը ես ունեմ և ինչը գիտեմ, որ իրական է․․․ և շատ ավելին՝ ես պե՛տք է մարդկանց պատմեմ այն Փրկչի մասին, Ով փնտրել ու գտել է ինձ։ Ինձ համար հստակ ու պարզ է, որ Աստծուն ճանաչելու իմ պատմությունը կարող է օգնել մարդկանց։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հորդորում եմ քեզ, որպեսզի ընդունես այն օրհնությունները, որ գալիս են Աստծո զավակը դառնալու հետ միասին։ Ո՞ւմ էին ուղղված Տեր Հիսուսի խոսքերը երբ Նա ասաց․ «Դուք եք աշխարհի լույսը․․․» (Մաթևոս 5․14

Այս խոսքերն ուղղված էին Նրա աշակերտներին։ Եվ եթե դու էլ Նրա աշակերտն ես, և եթե որոշել ես հետևել Նրան, ապա քո գտած գանձը չպետք է միայն քեզ համար պահես։ Քեզ հանձնարարված է այդ գանձը բաժնեկցել նաև քո շրջապատի մարդկանց հետ։ 

Անիմաստ կլինի, եթե ինչ-որ մեկը լուսամփոփը միացնի և անմիջապես թաքցնի այն։ Աստծո զավակը, որը չի լուսավորում իր շրջապատի մարդկանց (վախի, ամաչկոտության, ամոթի կամ պարզապես այն պատճառով, որ տեղյակ չի իր ներսում առկա լույսի մասին) նման է այդ լուսամփոփին․ լավ լույս է տալիս, նորմալ վիճակում է, բայց ծածկված է՝ դրա մյուսներին լուսավորելու ներուժը մնում է ներսում և ոչ մեկին օգուտ չի տալիս։ 

Հիշի՛ր, որ դու կարող ես լուսավորել միայն քեզ բնորոշ, յուրահատուկ պայծառությամբ և տարածել այդ լույսը քո հնարավորության սահմաններում՝ կախված նրանից, թե քո կյանքի տվյալ փուլում ի՞նչ զորություն ես կրում քո ներսում։ Դու կարող ես լուսավորել քո նրբանկատության, քո կազմակերպչական հմտությունների, քո ուրախության, քո ընտանեկան կյանքի, թիմային աշխատանքի քո ընկալման, և անգամ կյանքի դժվարությունների միջոցով՝ լինի դա վիշտ կամ հիվանդություն, երբ մարդիկ տեսնում են դրանք հաղթահարելու ընթացքում քո աստվածապաշտ ու աստվածավախ վարքագծի դրսևորումները։ 

Տեր Աստված է այս ամենը քո կյանքի համար պատրատել․ Նա հատուկ նպատակով է քեզ տվել Իր «Ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս»  (Հովհաննես 1․9), ինչպես մի փարոս մթության մեջ, որպեսզի քո շրջապատի մոլորված նավերն ապահով հասնեն իրենց նավահանգիստը։

Ի՞նչ որոշում ես կայացնելու այսօր։ Արդյոք գութդ փակելո՞ւ ես փրկություն փնտրող մարդկանցից․․․ Արդյոք հայացքդ փախցնելո՞ւ ես օգնություն աղերսող աչքերից, թե՞ թույլ ես տալու, որ քո ներսում փայլատակող լույսը ազատորեն ճառագի քո կյանքից։

Հիշի՛ր, որ Աստված հավատո՛ւմ է, որ դու կարող ես Իր ուրախությունը մարդկանց հետ բաժնեկցել, որպեսզի նրանք էլ հավատան Աստծուն քո վկայության շնորհիվ։ Աստված ուզում է, որ դու Իր Արքայության դեսպանը դառնաս այս երկրի վրա։ Նա հավատում է քո կարողությանը։ Տարածի՛ր Նրա լույսը։ Գնա՛ և պայծառ փայլատակի՛ր հանուն Նրա․․․  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: