Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Այո՛, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Սակայն բազմաթիվ հավատացյալներ բացարձակապես ողջամիտ տպավորություն չեն թողնում իրենց շրջապատի վրա, այլ ընդհակառակը՝ նրանց ապրած կյանքն ու վարքագիծն ավելի շատ վանում են մարդկանց, քան գրավում ու ձգում դեպի հավատքի կյանքը։
Սիրելի՛ բարեկամ, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Մարդիկ կարող են մեզ՝ Քրիստոսի աշակերտներիս տարօրինակ համարել, քանի որ մենք մերժում ենք մեղքի կյանքն ու այս աշխարհի մեղավոր սկզբունքներով ապրելը։ Սակայն նրանք երբե՛ք չպետք է կարողանան ասել, թե մեր քրիստոնեական ապրելակերպն ու դավանանքը անտրամաբանական են կամ չեն հիմնավորվում Աստվածաշնչով։
«․․․Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են» (Ա Պետրոս 3․15-16):
Հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միքտը պետք է առողջ լինի։ Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ պետք է կարողանա հստակ ու համոզիչ բացատրություն տալ յուրաքանչյուր մարդու, որ կհարցնի Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած նրա հավատքի մասին։
Քրիստոսի աշակերտը պետք է խոհեմ լինի։ Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն։ Հատկապես մեր մտերիմներն ու ընտանիքի անդամները կարող են հարցնել, թե ինչո՞ւ ենք մենք՝ Քրիստոսի ուսուցումներին հավատացող մարդիկս, անում որոշակի բաներ, որ իրենք չեն անում, և չենք անում որոշակի բաներ, որ ընդունված է մյուս մարդկանց շրջանում։ Եվ մենք պետք է կարողանանք հեզությամբ ու երկյուղածությամբ՝ առանց հպարտության ու մեծամտության, պատասխանել նրանց հարցադրումներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միտքը պետք է առողջ լինի։ Քրիստոսի աշակերտը պետք է ո՛չ թե ունակ լինի մարդկանց բոլոր հարցերին պատասխանելու, այլ պետք է կարողանա հստակ ու սպառիչ պատասխան տալ իր ներսում ունեցած հույսի համար։
Եթե դու մի բան չես անում, և մարդը հարցնում է քեզ, թե ինչո՞ւ չես անում դա, ապա դու նախ ինքդ քեզ համար պետք է ունենաս այդ հարցի պատասխանը և հետո մյուսներին օգնես քո ողջամիտ պատասխաններով, որպեսզի նրանք էլ հասկանան, որ դա ինչ-որ մեկի քմահաճույքը չէ, և ո՛չ էլ որևէ հովվի կամ եկեղեցու հորինած պահանջը, այլ քո հնազանդության դրսևորումն է Աստծու ճշմարիտ ու անսխալական Խոսքին՝ Նրա սուրբ կամքին։
«Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար» (Ա Պետրոս 4․7):
Մեր Տերը ողջամիտ հավատքի կրող էր։ Նրա հետ շատերը չէին համաձայնվում, սակայն ոչ ոք չէր կարող մեղադրել Տիրոջը ողջամտության կամ խոհեմության բացակայության մեջ։ Տեր Հիսուսի հետ զրուցող մարդիկ հիանում էին Նրա սթափ մտածելակերպով և պատասխանների տրամաբանական հիմնավորումներով։ Անգամ ամենախորամանկ մարդիկ իրենք էին ընկնում իրենց իսկ խոսքերով լարած ծուղակների մեջ։
Հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միտքը պետք է առողջ լինի։ Քրիստոսի աշակերտը պետք է խոհեմ լինի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը