Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Ողջամիտ հավատքը բխում է հոգևոր իրողությունների մասին պատկերացումները Աստվածաշնչի ճշմարտությունների հիման վրա կազմավորելուց։ Ողջամիտ հավատք ունեցող մարդը կարողանում է ճիշտ ընկալել իրականությունը, վերլուծել այն և ճիշտ ու աստվածահաճո որոշումներ կայացնել։
Սիրելի՛ բարեկամ, Աստված Իր զավակներից ողջամտություն է պահանջում, քանի որ անսթափ հոգևոր կյանքը կարող է մարդու մոլորության, ինքնախաբեության և անգամ վախերի ու տագնապների պատճառ դառնալ։ Երեկ մենք խոսեցինք այն մասին, թե ինչն է մարդուն մղում հոգևոր սթափության և ինչն է նպաստում այդ սթափության կորստին։ Մեղքի կյանքը և հարստության ու փառքի ձգտելը հարբեցնում են մարդուն։ Արդարության և սրբության կյանքի փափագը մարդուն պահում է Աստծու կամքի մեջ և նրա հավատքը դարձնում ողջամիտ։
«Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում» (Ա Կորնթացիս 15․34):
Արդարության կյանքին ձգտելը խոսում է այն մասին, որ մարդը ճանաչում է Աստծուն։ Որոշ քրիստոնյաներ իրենց կյանքն ապրում են այնպես, ասես Աստված չի տեսնում իրենց։ Եթե մարդը հավատում է Աստծուն և գնում է գիտակցված մեղքի, նշանակում է, որ չի ճանաչում Աստծուն և տեղյակ չէ Աստծու մասին աստվածաշնչյան ճշմարտություններին
«Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։ Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։ Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց» (Սաղմոս 53․1-2,5):
Աստված Երկնքից նայում է, որպեսզի տեսնի, թե կա՞ արդյոք իմաստուն մարդ, որ փնտրում է Իրեն։ Աստված մարդուց ողջամիտ հավատք է պահանջում, քանի որ մարդն իր պատկերացրած հավատքով չի կարող մոտենալ Աստծուն։ Մեր հավատքը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա, որպեսզի մենք ճանաչենք Աստվածաշնչի Աստծուն, այլ ոչ թե պաշտենք մեր երևակայության նկարագրած Աստծուն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու մասին իրական ու ճշմարիտ պատկերացում ունենալը մեր հոգևոր հաղթանակների և այս կյանքում Տիրոջ զորությամբ հաղթական ընթացք ունենալու բանալին է։ Երբ դու գիտակցում ես, թե Ո՛վ է Աստված, Ո՛ւմ ես հավատացել և Ո՛վ է քո կյանքի Տերը, բոլոր վախերն ու տագնապները փոքրանում և աննշան են դառնում քո կյանքում։
Երբ ունես ողջամիտ հավատք և ընկալում ես Աստվածաշնչի փոխանցած խոստումներն ու հավատում ես այդ խոստումների հետևում կանգնած ամենակարող Աստծուն, ապա երբե՛ք չես սասանվի քո կյանք այցելած փոթորիկներից, չես տրվի վերջին ժամանակների անառակ Բաբելոնի առաջարկած գայթակղություններին ու մեղքի հաճույքներին, և չարի ոչ մի մոլորեցնող ուսուցում ի զորու չի լինի քեզ շեղելու Քրիստոսի հավատարիմ աշակերտի օրհնյալ ճանապարհից։
«Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (Բ Պետրոս 1․3-4):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը