November-7 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է նշանակում ընդունել Տիրոջը

Ի՞նչ է նշանակում ընդունել Տիրոջը

Մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Այսօր փորձելու ենք գործնականում հասկանալ, թե ի՛նչ է նշանակում Տեր Հիսուսին ընդունելը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ արդեն նշել ենք, որ Լավոդիկեի եկեղեցին իր եկեղեցական կյանքը կառուցել էր առանց Տեր Հիսուսի մասնակցության և հակառակ Նրա ունեցած ակնկալիքներին։ Տերը թակում էր այդ եկեղեցու դուռը և փափագում էր ներս մտնել և շտկել ամեն սխալ ընթացք ու մոլորված ընկալում։ 

Սիրելի՛ բարեկամ, որքա՜ն նման է Լավոդիկեի եկեղեցու ընթացքը և Տեր Հիսուսի հանդեպ վերաբերմունքը մերօրյա քրիստոնեությանն ու շատ քրիստոնյաների վերաբերմունքին։ Արդյոք Հիսուս Քրիստոսին հավատացող մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում Նրան Տեր կոչելը։ Մեր օրերում շատ շատերն են Քրիստոսին Տեր անվանում։ Բայց արդյոք մենք լսո՞ւմ ենք Նրա հարցը Իրեն Տեր կոչող բոլոր մարդկանց։

«Եվ ինչո՞ւ եք Ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկաս 6․46):

Տեր Հիսուսին ընդունել նշանակում է ընդունել Նրա ասածները։ Տերը հայտնվել էր Լավոդիկեի եկեղեցու դռնից դուրս, քանի որ այդ եկեղեցին մերժել էր Տիրոջ կամքին հնազանդվելը։ Լավոդիկեի եկեղեցու ընկալմամբ՝ ամեն բան նորմալ էր, թեև նրանք իրենց աստվածապաշտությունն ու եկեղեցական ծառայությունները կառուցել էին սեփական պատկերացումների, այլ ոչ թե Տեր Հիսուսի ուսուցումների վրա։ 

Տեր Հիսուսին ընդունելը դրսևորվում է Նրա խոսքերին ու ուսուցումներին հնազանդվելու մեջ։ Տեր Հիսուսին մերժելը երևում է Նրա խոսքերն ու ուսուցումները մերժելու մեջ։ Ամեն բան այնքա՜ն պարզ է ու հստակ․․․ Սակայն Լավոդիկեի եկեղեցու նմանությամբ այսօր էլ բազմաթիվ քրիստոնյաներ ապրում են սեփական պատկերացման հոգևոր կյանքով և չեն հնազանդվում Տեր Հիսուսի սահմանած կարգին ու փոխանցած սկզբունքներին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես և դու այնքա՜ն թանկ ենք Տեր Հիսուսի համար, որ Նա շարունակում է թակել մեր սրտի դուռը, որպեսզի ապաշխարենք մեր մտքի պատկերացրած քրիստոնեությունից և սկսենք ապրել Տեր Հիսուսի ուսուցանած քրիստոնեությունը։ Մենք պետք է հավատանք Տեր Հիսուսի խոսքերին, այլ ոչ թե մեր պատկերացումներին ու ընկալումներին։ Փրկությունը ո՛չ թե եկեղեցի գնալու մեջ է, այլ Տեր Հիսուսի խոսքերին հավատալու և, որպես այդ հավատքի կենդանի լինելու ապացույց, Աստծու կամքին հնազանդվելու մեջ։ 

«Ոչ թե ամեն ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ կասեն. “Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք”։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ”» (Մատթեոս 7․21-23):

Տերը թակում էր Լավոդիկեի եկեղեցու դուռը և փափագում էր ներս մտնել ու շտկել ամեն սխալ պատկերացում և մոլորված հավատք։ Տերը սթափեցնում է նաև մեզ, որպեսզի մենք ո՛չ միայն Նրան Տեր կոչենք, այլ հավատանք Նրա խոսքերին ու հնազանդվենք Նրա կամքին։ Սա է նշանակում ընդունել Տեր Հիսուսին, և միայն հնազանդությամբ ապացուցված հավատքն է, որ կարող է փրկություն շնորհել Քրիստոսին Տեր կոչող մարդուն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: