March-22

Գլխավոր | Հրաշքներ | «Զավա՛կս, մի պահ նստի´ր Իմ կողքին»

«Զավա՛կս, մի պահ նստի´ր Իմ կողքին»

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը արտասովոր կերպով տարբերվում է մեր բոլոր ուղերձներից։ Ես փորձել եմ Աստծու Խոսքի հիման վրա կազմել մի տեքստ, որը հավատում եմ, որ Աստված է ուզում, որ դու լսես։ Դու կարող ես համաձայնվել այս խոսքերի ու մոտեցման հետ կամ կարող ես մերժել այն, սակայն ես իմ ամբողջ սրտով համոզված եմ, որ Տերը ուզում է, որ դու լսես այս խոսքը։ Ճանաչելով Նրա բնույթն ու մեզնից յուրաքանչյուրի հանդեպ ունեցած Իր սերը՝ ես փորձել եմ ամբողջացնել Տիրոջ հոգատարությունը քո հանդեպ այս կարճ ուղերձի մեջ, որը ներկայացնում եմ որպես Տեր Աստծու անունից քեզ ուղղված հորդոր։

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․12-13):

Եվ եթե դու ընդունել ես Նրան ու Նրա զավակն ես, ապա կոչ եմ անում քեզ հավատքով ընթերցել այս խոսքերը, որոնք հավատում եմ, որ բխում են Աստծու Սուրբ Հոգուց: Ես աղոթում եմ, որ քո հոգին ու կամքը ուժեղանան և նորոգվեն Տեր Աստծուց քեզ ուղղված հետևյալ խոսքերով:

«Զավա՛կս, մի պահ հանդարտվի´ր և նստիր Իմ կողքին: Ես տեսնում եմ, որ թե որքա՜ն բան պետք է հասցնես անել այսօր, սակայն մի պահ դադար տուր և հիմա ու այստեղ եղի՛ր Ինձ հետ»:

«Ես տեսնում եմ Ինձ հաճեցնելու և Ինձ ավելի լավ ճանաչելու քո փափագը: Տեսնում եմ այն ծարավը, որ ունես Իմ ձայնը լսելու և Ինձ ավելի լավ հասկանալու հանդեպ․․․»:

«Իմ մեջ քո բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: Բայց ինչպե՞ս կարող ես լսել Ինձ այն խառանշփոթի մեջ, այն ողջ աղմուկի  ու վազվզոցի մեջ, որում ապրում ես և որը քո առօրյա կյանքի ընթացքն է դարձել»:

«Մի պահ հանդարտվի´ր և մոտեցի՛ր Ինձ…

Մեկ րոպե դադար տո՛ւր և մոտեցի՛ր Ինձ…

Թույլ մի՛ տուր, որ անհանգստությունը ճնշի քեզ և մոտեցի՛ր Ինձ…

Թույլ մի՛ տուր, որ վախը ներթափանցի սրտիդ մեջ և մոտեցի՛ր Ինձ…

Ֆինանսների համար մի´ անհանգստացիր և մոտեցի՛ր Ինձ…

Վաղվա համար մի´ մտահոգվիր և մոտեցի՛ր Ինձ…

Մի պահ նստի´ր Իմ կողքին և լսի´ր քեզ ուղղված Իմ խոսքերը: Թու´յլ տուր քաջալերել քեզ և բժշկել ու նորոգել քո միտքը»:

«Իմ թանկագին զավա՛կ, ճանաչի՛ր իմ կամքը, ամեն ջանք արա այդ կամքին հնազանդվելու համար։ Դրանով ու ավելի ու ավելի ես մոտենում ինձ և ունակ ես դառնում Իմ կյանքը քո մեջ ընդունելու համար։ Իմ կյանքի հետ միասին ընդունի՛ր նաև Իմ խաղաղությունն ու մտի´ր Իմ ուրախության մեջ… Ես քո կողքին եմ։ Ես գիտեմ քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները։ Գիտեմ քո սուգն ու տառապանքը։ Ես քո կողքին եմ քեզ մխիթարելու, քաջալերելու և օգնելու համար։ Երբե՛ք չվախենաս, եթե որոշել ես ապրել Իմ աշակերտի կյանքով։ Ես միշտ քեզ հետ եմ»:

Տեր Հիսուսն Իր հավատարիմ աշակերտներին հետևյալ անխախտ խոստումն է տվել․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: