Снимок экрана (9)

Գլխավոր | Հրաշքներ | Երբևէ համեմատե՞լ ես քեզ ուրիշների հետ

Երբևէ համեմատե՞լ ես քեզ ուրիշների հետ

Սիրելի՛ բարեկամ, համոզված եմ, որ գիտես Դավթի և Գողիաթի հակամարտության պատմությունը (Ա Թագավորաց 17-րդ գլուխ)։ Հիշո՞ւմ ես, երբ Դավիթը պատրաստվում էր այդ կարևորագույն մենամարտին, Սավուղ թագավորն առաջարկում է նրան կրել իր սեփական զրահն ու հանդերձանքը։ 

«Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան» (Ա Թագավորաց‬ ‭17․38‬)։

Սկզբում Դավիթը հագավ Սավուղի ռազմական հանդերձանքը։ Եվ ահա, թե ինչ եղավ հետո… «Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք» ‭‭(Ա Թագավորաց‬ ‭17․39‬)։
Ուզում եմ ուշադրությունդ հրավիրել այս վերջին նախադասության վրա։ Այն կարող է բանալի դառնալ քո կյանքում սթրեսի աստիճանը նվազեցնելու համար. «․․․և Դավիթն իր վրայից հանեց դրանք»։

Դավիթն իր վրայից հանեց Սավուղի հանդերձանքը, սաղավարտն ու զրահը։ Դավիթն իր վրայից հանեց մյուսների ակնկալիքները։ Դավիթը հանեց մյուսների հետ համեմատվելու և մյուսների նման գործելու ու մարտնչելու մոտեցումը։ Եվ հենց դա էր նրա հաղթանակի բանալին։ 

Դավիթը հսկա Գողիաթին հաղթելու համար ոչ թե պետք է Սավուղի նման ու Սավուղի զենքերով մարտնչեր, այլ պետք է աներ այն, ինչն իր մոտ էր լավ ստացվում։ Նա պետք է լիներ իրական Դավիթը։ Եվ սա ճշմարիտ է նաև քո պարագայում։ 

Նա վերցրեց իր պարսատիկը, զինվեց Տեր Աստծո հանդեպ խորն ու անսասան վստահությամբ և հաղթեց անհաղթելի թվացող Գողիաթին։ Գուցե մարդիկ չհասկանան քեզ։ Գուցե համաձայն չլինեն քեզ հետ։ Հազար ու մի խորհուրդ տան ու ձգտեն, որ դու իրենց նման լինես և իրենց նման անցնես քո կյանքի դժվարությունների միջով։ Սակայն Աստված մեկ բան է ակնկալում՝ վերցրո՛ւ քեզ հարմար հոգևոր զենքերը, քո ամբողջ էությամբ վստահի՛ր Աստծուն, հավատա՛, որ Նա քեզ հաղթանակ է պարգևելու և սկսի՛ր պատերազմել քո կյանք այցելած սթրեսի, վախերի, անհանգստությունների ու տագնապների դեմ։ 

Տարիների ընթացքում Տերն ինձ ցույց տվեց, որ ուրիշների հետ համեմատվելը միայն ավելացնում է իմ կյանքի սթրեսը։ Որպես հոգևոր հովիվ ես ո՛չ թե պետք է համեմատվեմ այլ հովիվների կամ եկեղեցիների հետ, այլ հավատարմորեն անեմ հե՛նց այն, ինչն Աստված է ինձնից ակնկալում, և այնպես, որ հնարավորինս արդյունավետ կերպով դրսևորվեն այն բոլոր տաղանդներն ու պարգևները, որոնք Տերն է ինձ պարգևել։ Աստված ինձ չի ստեղծել ուրիշի նման լինելու համար կամ մյուսների հետ մրցակցելու համար։ Իմ ձգտումը իմ հնարավորությունների սահմաններում լավագույնս Տիրոջը ծառայելն է։

Նույնը քեզ եմ խորհուրդ տալիս։ Մի՛ փորձիր կրել մեկ ուրիշի սաղավարտը, զրահն ու հանդերձները։ Աստված քեզ առանձնահատուկ է ստեղծել։ Քո կյանքի հանգամանքները, որոնցով դու տարբերվում ես մյուսներից, թերություններ կամ խոչընդոտներ չեն, այլ քո արժանիքները, որոնցով էլ հե՛նց հաղթելու ես քո կյանքի գողիաթներին։ 

Մյուսների հետ համեմատվելու գաղթակղությունն այնքա՜ն ուժգին է մեր օրերում, որ մարդիկ փոխում են անգամ իրենց արտաքինը, ձգտում հարստության, որոշակի հատուկ խոսելակերպի կամ երջանկության աշխարհի գովազդած չափանիշերին։ Այս ամենը մշտապես հավելյալ սթրեսի աղբյուր է նրանց կյանքում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված քեզ չի ստեղծել, որ նմանվես մյուսներին։ Նա քեզ լավագույնս է ստեղծել։ Աստված սիրում է քեզ անսահման մեծ սիրով։ Վստահի՛ր Նրան։ Նա ուզում է, որ Իր ծառա Դավթի նման դու էլ հաղթել սովորես ու հաղթող դառնաս քո կյանքի բոլոր պայքարների մեջ։ Վստահի՛ր Աստծուն, ապրի՛ր ըստ Աստծո Խոսքի սկզբունքների և Նա կօգտագործի քեզ յուրահատուկ ձևով։

Աղոթում եմ, որ Աստված այսօր պարուրի քեզ Իր սիրով ու պաշտպանի քեզ քո կյանքում առկա բոլոր վտանգներից։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: