June-23

Գլխավոր | Հրաշքներ | Եղի՛ր համարձակ հավատքի շնորհիվ

Եղի՛ր համարձակ հավատքի շնորհիվ

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստված փափագում է պարգևներ շնորհել Իր այն զավակներին, որոնք վստահում են Իրեն։ Եվ Նա հատուկ ջերմություն է տածում նրանց հանդեպ, ովքեր համարձակ են հավատքի շնորհիվ։


Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։ 

Սակայն մեզնից շատերը չեն համարձակվում «անհանգստացնել» Աստծուն իրենց խնդրանքներով։ Մենք երբեմն վախենում ենք համարձակորեն և հավատքով Աստծուց մեծ բաներ խնդրելուց։ Շատերի կյանքում նման վախերի պատճառը իրենց կյանքում հանդիպած մերժվածությունն է, վատ վերաբերմունքը կամ արհամարհանքը։ Սակայն եթե մենք փորձենք Աստծուն ճանաչել այնպիսին, ինչպիսին Աստվածաշունչն է մեզ ներկայացնում, ապա կհասկանանք, որ մեր երկնային Հայրը ցնծում է, երբ առիթ է գտնում Իր զավակներին օրհնելու համար, և Նա երբե՛ք չի արհամարհում ու չի մերժում Իր զավակների այն խնդրանքները, որոնք ճիշտ շարժառիթներից են բխում։

«Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» (‭‭Հովհաննես ‭16․24‬)։

Համարձակությունը նման է վտանգավոր տեղից ցատկելու փորձ անելուն․․․ Բայց անկեղծ ասած, դա միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն հրաշալին այն է, որ Աստված համբերատար Հայր է, Ով ուզում է քեզ տեսնել ուրախությամբ ու ցնծությամբ լի սրտով ապրելիս։ Եվ եթե դու ընդունել ես Նրան որպես Հայր՝ հավատալով Նրա սիրուն ու Նրա Խոսքին, ապա կարող ես վստահ լինել, որ Նա Քո պաշտպանն է։ Նա քո թիկունքին է։ Նա տիրում է քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակի վրա։ Խնդրի՛ր Նրան, և Նա կօգնի քեզ քո մեջ զարգացնել այն որակները, որոնք անհրաժեշտ են համարձակորեն Աստծուն մոտենալու և առողջ հավատքով Նրանից խնդրելու համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ դու կարողանաս իմաստուն կերպով օգտագործել Աստծո Խոսքի փոխանցած բոլոր բանալիները, և հավատքով կիրառես դրանք քո կյանքում և ծառաության մեջ։ Դու Աստծո զավակն ես։ Խնդրի՛ր քո երկնային Հորն այն ամենը, ինչը բխում է Նրա հանդեպ սիրուց ու Նրա գործի հանդեպ քո ունեցած նախանձավորությունից, և Նա քո փափագներն ու երազանքներն իրականություն կդարձնի։

Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո խոսքի համար, որը զորեղ է, հիասքանչ ու ճշմարիտ։ Օգնի՛ր ինձ, որ համարձակությամբ հավատքի քայլ անեմ Քեզ մոտենալու և Քեզնից խնդրելու համար, որ համարձակ կերպով երազեմ ու Քո անվանը փառք բերող մեծ ու հրաշալի ծրագրեր կազմեմ։ Խնդրում եմ՝ Քո Հոգով առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, և Քո փափագն ու առաքելությունը դի՛ր իմ սրտում։ Ես ուզում եմ, որ իմ ապրած կյանքն ու իրականացրած ծառայությունները մեծարեն, բարձրացնեն ու փառաբանեն Քո անունը։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: