Այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, որ Աստված Քրիստոսի մեջ քեզ տեսնում է ամբողջական ու կատարյալ: Անշուշտ, նայելով մեր կյանքին՝ անկումներին ու տկարություններին, դժվար է ասածին անմիջապես հավատալը։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց կյանքում մեղքերի ներումն ընդունելը արմատապես փոխում է մեր կարգավիճակը Տեր Աստծո աչքերում։
Սիրելի՛ բարեկամ, քո մեղքերը պարզապես չեն ծածկվում Քրիստոսի արյունով․․․ Դրանք չեն տարվում հեռու մի տեղ ու թաքցվում կամ թաղվում խորը հողի խորը շերտի տակ․․․ Եվ ո՛չ էլ մնում են Տիրոջից մեզ տրված արդարության սպիտակ բեհեզի տակ։ Ո՛չ։ Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ և մեր ապաշխարության պարագայում մեր բոլոր մեղքերը ջնջվում են, վերանում, և Աստված այլևս երբե՛ք չի հիշում, որ մենք նման մեղքեր ենք գործել։ Այսպիսով, թեև մենք դեռևս տկար ենք ու հիշում ենք մեր անցյալը, սակայն Քրիստոսի մեջ Տեր Աստծու աչքերում մենք ամբողջական ենք ու կատարյալ։
«Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2.14)։
«Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» (Եբրայեցիս 10.17)։
Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց [Յուրաքանչյուր հավատացյալի հասցնելով հոգևոր ամբողջականության և հասունության]» (Եբրայեցիս 10.14)։
Եվ որքան հավատարիմ մնանք Տեր Հիսուսի Խոսքին, որքան սիրենք Աստծո կամքը և ամեն ջանք գործադրենք այդ կամքին հնազանդվելու համար, այնքան կատարյալ ու ամբողջական ենք մնալու Նրա մեջ, Ով մեզ սիրեց և Իր կյանքը դրեց հանուն մեր մեղքերի ներման, հանուն մեղքի իշխանությունից մեր ազատագրման և հանուն մեր վերջնական ու ամբողջական փրկության…
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այն օրից ի վեր, երբ դու ընդունեցիր Տեր Հիսուսին՝ որպես քո կյանքի Տեր և Թագավոր, դու Տեր Աստծո աչքին ամբողջական ես ու կատարյալ։
Եվ այս փաստը ոչ մի կապ չունի քո կարողությունների, տաղանդների կամ բարի գործերի հետ… Ո՛չ։ Պարզապես Տեր Հիսուսը խաչի վրա գամեց քո բոլոր մեղքերը և դրա դիմաց քեզ փոխանցեց Իր կատարելությունը՝ Իր անբիծ ու անարատ բնույթը:
Եթե միա՜յն գիտակցենք ասվածի ողջ կարևորությունն ու մեծությունը հավիտենության մեջ, ապա ինչպիսի՜ երախտագիտություն ու գովաբանություն կբխի իմ և քո շուրթերից։
Ե՛կ միասին գովաբանենք Նրան գոհության այս աղոթքով․ «Տե՛ր, որքա՜ն հիասքանչ ես Դու: Շնորհակալ եմ, որ երբ հավատացի Քեզ ու ապաշխարեցի այս աշխարհի կործանարար ընթացքից, Դու ներեցիր իմ բոլոր մեղքերը, ջնջեցիր դրանք ու այլևս չես հիշում։ Իմ աղտոտված հանդերձների փոխարեն Դու ինձ Քո արդարության սպիտակ բեհեզը հագցրիր։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմա՛ծ Աստված։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ, որ կարողանամ ապրել Քո կամքի մեջ և ուրախացնեմ Քո սիրտն իմ որոշումներով, վարքագծով ու գործերով։ Ես գիտեմ, որ ոչ մի բանով չեմ վաստակել, արժանի չեմ և չէի էլ կարող արժանի լինել այս մեծ ողորմությանն ու շնորհին, որ անում ես ինձ։ Քո սերն իմ հանդեպ անըմբռնելիորեն մեծ է, և ես միայն կարող եմ գոհանալ ու երախտապարտ մարդու կյանք ապրել Քո առաջ։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր։ Սիրում եմ Քեզ և պաշտում եմ իմ ամբողջ սրտով։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը