Սիրելի՛ բարեկամ, քրիստոնեական կյանքը մի երկա՜ր ու դանդաղ շարժվող գետ չէ։ Այն ավելի շատ նման է լեռնային ջրառատ գետի, որի ջրերը բախվում են տարբեր խոչընդոտների, երբեմն վերածվում ջրվեժի, երբեմն հանգստանում, ասես ուժ հավաքում և պատրաստվում հեթական քարակույտերի խոչընդոտը հաղթահարելուն։ Սակայն հենց այս պայքարն է քրիստոնեական կյանքը դարձնում այդքա՜ն հարուստ տարբեր իրադարձություններով, այդքա՜ն հետաքրքիր և հաղթանակների ցնծությամբ լեցուն: Հավատքի կյանքը բաղկացած է վերելքներից ու վայրէջքներից։ Եվ այդ ընթացքի մեջ իրենց բաժինն ունեն նաև գայթակղությունները, որոնց մասին էլ խոսելու ենք այսօր։
Գայթակղությունները ընդամենը մտքեր են, որոնք ծնվում են տարբեր իրավիճակներում, երբ դու հոգևորապես տկարացած ես, հիասթափված կամ դավաճանված։ Դրանք կարող են բխել մարմնի ցանկություններից, աչքերի ցանկությունից կամ այս աշխարհի ժամանակավոր ու մեղսալի հաճույքներին տրվելու փափագից։ Հիմնականում, գայթակղության մտքերի հետևում կանգնած է չարը, ով ամեն բան անում է, որ մարդը, տրվելով գայթակղությանը, սեփական ձեռքերով հաղորդակցության պատնեշ կառուցի իր և իր Աստծու միջև։
Ահա, թե ինչ է Աստված ասում մեղքի և անիրավության մասին․ «Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2):
Տեր Հիսուսը մեզ գայթակղություններին հաղթելու հրաշալի օրինակ է թողել։ Անապատի փորձության մեջ Նա ամեն անգամ սատանային հաղթում էր՝ վերջինիս գայթակղություններին պատասխանելով «գրվա՛ծ է» արտահայտությամբ։ Փորձիչը պարտվում էր ամեն անգամ, երբ Տերը սկզբունքային կերպով որոշում էր հնազանդվել Աստծու գրավոր Խոսքին, այլ ոչ թե չարի առաջարկած հեռանկարներին։
Ցավոք, շատ են այն քրիստոնյաները, որոնք չարի հրամցրած գայթակղություններին ո՛չ թե պատասխանում են Տեր Հիսուսի նման սկզբունքային «գրվա՛ծ է» արտահայտությամբ, այլ ընդունում են մեղք գործելու առաջարկը և արդարանում Տեր Աստծու առջև հետևյալ խոսքերով. «Տեր, դու գիտես, որ ես ընդամենը տկար մի մարդ եմ։ Իմ մարմինը թույլ է։ Իսկ Դու սիրող Հայր ես։ Հավատում եմ, որ Դու հասկանում ես ինձ… Չէ՞ որ Դու ես ինձ այսպիսին ստեղծել․․․ Ես մի օր անպայման կփոխվեմ, բայց այսօր խնդրում եմ ներես ինձ․․․»։
Մարդիկ կարծում են, թե մեղքի հետ խաղ անելը սովորական մի բան է։ Իսկ Աստված ասում է, որ մեղքի մեջ մահ կա։ Մեղքի մեջ պատնեշ կա, որը փակում է մեղք գործողի համար Տեր Աստծուց օգնություն ստանալու ճանապարհը։ Մեղքը մարդուն դարձնում է Աստծուն թշնամի։ Իսկ գայթակղություններին և փորձություններին դիմակայելը՝ օրհնություն և գովասանք է բերում Տիրոջից․ «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (Հակոբոս 1․12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ, թե ինչ գայթակղության դեմ ես դու պայքարում ներկայում: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի անկախ քո անցյալից ու գործած մեղքերի ծանրությունից, անկախ քո ներկա իրավիճակից ու քո մասին քո իսկ ունեցած պատկերացումներից, հստակ իմանաս, որ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է քեզ և ուզում է ազատել քեզ ստրկացրած մեղքի կապանքներից։ Աստված սիրում է քեզ։ Նա քո կողքին է և մեծ փափագով սպասում է, որ դու էլ Իրեն սիրես, սիրես Իր կամքը, սիրես Իր պատվիրանները և օգնություն խնդրես քո կյանք այցելած բոլոր գայթակղություններին դիմակայելու համար։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես երբեմն ինձ անզոր եմ զգում, երբ բախվում եմ որոշ գայթակղությունների: Ես Քո օգնության և զորության կարիքն ունեմ: Հաստատի՛ր ինձ Քո Խոսքի մեջ, որպեսզի կարողանամ իմ Տիրոջ պես ամեն անգամ չարի փորձություններին ու գայթակղություններին բախվելիս ասել «գրվա՛ծ է» խոսքերը։ Լցրո՛ւ ինձ Քո կամքի գիտությամբ և Քո ներկայության քաղցրությամբ, որպեսզի ես հաճույք ստանամ Քո կամքը կատարելուց և դողամ ու սարսափեմ Քո ներկայությունը մեղքի պատճառով կորցնելու հեռանկարից։ Փառք Քեզ, Տե՛ր, Քո անսահման սիրո և հոգատարության համար, Քո ներման և մեղքի իշխանությունը կործանող զորության համար։ Ես սիրում եմ Քեզ, իմ բարի ու ներող Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Իմ սրտում համոզված եմ, որ եթե Տեր Աստծուց օգնություն խնդրես, ապա անպայման հաջողվելու ես մեղքի դեմ մղվող քո պատերազմում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը