April-28

Գլխավոր | Հրաշքներ | Բառեր, որ սեր են փոխանցում…

Բառեր, որ սեր են փոխանցում…

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչի Առակաց գիրքը լի է մեր առօրյա կյանքին առնչվող հրաշալի խորհուրդներով՝ թե՛ մեր փոխհարաբերությունների, թե՛ կենսակերպի և թե՛ մեր կայացրած որոշումների վերաբերյալ։

Առակաց գրքի 15-րդ գլուխը հրաշալի գաղտնիքներ է բացահայտում այն մասին, թե ինչպես վարվենք բարկության տանող իրավիճակներում, որոնց բախվում ենք մեր առօրյա կյանքում։ Այդ գլխում է գրված հետևյալ խորհուրդը. «Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը» (Առակաց‬ ‭15․1‬)։

Որքան էլ անհավանական քեզ թվա, սակայն Աստծո օգնությամբ դու կարո՛ղ ես մեղմ ու նրբանկատ պատասխան տալ քեզ ցավեցնող խոսքերին։ Բարկությանը գլուխ բարձրացնելու հնարավորություն ընձեռելու փոխարեն դու կարող ես աղոթքով գնալ Տիրոջ առջև և Նրանից խնդրել, որպեսզի քեզ զորություն տա և օժտի ճիշտ ու դեպի խաղաղություն տանող բառեր ասելու իմաստությամբ։ 

Մեկ այլ բանալու ենք հանդիպում Հակոբոս 1․19-20 հատվածում, որտեղ ասվում է. «Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում»։

Հավատում եմ, որ եթե հավատքով ընդունես այս խոսքերը քո սրտում, ապա ոչ միայն ավելի կարգապահ կդառնաս քո ինքնատիրապետման առումով և ավելի դյուրին կերպով կկառավարես զգացմունքներդ (այլ ոչ թե դրանք կկառավարեն քեզ), այլև տվյալ մարդու հետ հարաբերության մեջ իրական խաղաղության կհասնես։ Այո՛, Աստված կարող է օգտագործել քեզ, որպեսզի խաղաղություն բերի այնպիսի իրավիճակներում, որտեղ քո բնական արձագանքը պետք է բարկության դրսևորումը լիներ։ 

Այսօր և այսուհետ հորդորում եմ քեզ լինել դանդաղ քո խոսքերի մեջ։ Մի՛ շտապիր ասել այն, ինչը զգում ես ներսումդ։ Դա անկեղծության դրսևորում չէ։ Երբեմն առանց սիրո ասված ճշմարտությունը բժշկելու փոխարեն խոցում է դիմացինին։ Երբեմն մենք ասում ենք խոսքեր, որոնց համար հետագայում զղջում ենք, թեև այդ պահին դրանց համար բոլոր արդարացումները միշտ ունենում ենք։ Թո՛ղ մեր շուրթերից դուրս եկած ցանկացած խոսք պարուրված լինի բարությամբ ու քաղցրությամբ և արտաբերելիս իրավիճակը տանի դեպի խաղաղության, այլ ոչ թե դեպի լարվածության։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդու շուրթերից բխում է նրա սրտի պարունակությունը։ Այսօր մաղթում եմ քեզ, որ քո խոսքերը քո շրջապատի մարդկանց միայն սեր և խաղաղություն փոխանցեն։ Քո խոսքերով մեղմի՛ր մարդկանց բարկությունը։ Դարձի՛ր Աստծո սիրո դեսպանը։ Թո՛ղ քո խոսքերն այսօր ինչ-որ մեկի հոգու բժշկության միջոց դառնան Աստծո ձեռքերում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: