April-11

Գլխավոր | Հրաշքներ | Արդեն գարո՛ւն է

Արդեն գարո՛ւն է

Սիրելի՛ բարեկամ, մեր կյանքի ընթացքում մենք անցնում ենք տարբեր ժամանակաշրջաններով, որոնցից որոշներն ավելի բարդ են քան մյուսները, իսկ որոշները կարող են անգամ լուրջ կասկածներ ծնել մեր ներսում, թե արդյոք երբևէ կրկին գարուն կապրե՞նք մեր կյանքում, թե՞ ոչ։ 

Կյանքը երբեմն նման է գարնանային մարգագետնի՝ իր ողջ ծաղկունքով։ Այնտեղ լսվում են մեղուների և թիթեռների բզզոցն ու թռչունների դայլայլը։ Կյանքն ասես եռում է այնտեղ։ Սակայն, եթե այդ նույն մարգագետին վերադառնաս մի քանի ամիս անց, կտեսնես, որ ամեն բան անշարժացել է և չորացել արևի կիզիչ ճառագայթների ու չափազանց շոգ եղանակի պատճառով։ Իսկ եթե ևս մի քանի ամիս անց գաս այդ նույն վայրը, օրինակ ձմռանը, ապա կտեսնես, որ նույն մարգագետնի արահետները բոլորովին ամայացել են, և դրա դեղնած մակերեսն ամբողջովին պատվել է սպիտակ ձյան հաստ շերտով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե կյանքիդ այս հատվածում մի այնպիսի ժամանակաշրջան ես ապրում, որում ամեն բան թվում է «մեռած» կամ «սառած»։ Ինչպիսի եղանակի մեջ էլ քեզ զգաս, միշտ հիշի՛ր, որ դու երբե՛ք մենակ չես։ Եթե հավատում ես Տեր Հիսուսին և որոշում ես կայացրել ապրելու Նրա հավատարիմ աշակերտի կյանքով, ապա Տերը հենց քե՛զ է տվել այս խոստումը. «Ես միշտ քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը» (Մատթևոս 28.20):

Եվ Աստված մեծ փափագ ունի քեզ համար, որ կյանքումդ սկսվի այն ժամանակաշրջանը կամ եղանակը, երբ դու կդառնաս պտղաբեր՝ կզարդարվես բարի պտուղներով Աստծո՛ համար։ 

Աստծուն և Աստծու Խոսքն ու կամքը սիրող մարդկանց համար մեծագույն խոստումներ կան Աստվածաշնչի էջերում։ Հետևյալ խոսքերը Աստծո փափագն են քեզ համար․ «Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (‭‭Սաղմոս‬ ‭1․3‬)։

Այսօր աղոթում եմ, որ քո կյանքում կրկին ծաղկաշատ գարուն գա։ Հավատա՝ այն կարող է քեզնից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա լինել։ Այն հեռվում չէ՛։ Ինչպես կանաչ մարգագետնի առաջին ծիլերն են աննկատելիորեն դուրս հանում իրենց գլուխները հողի տակից, նույնպես և դու շուտով կվերապրես Տեր Աստծո պարգևած գարունը, եթե որոշես ապրել Նրա կամքին համահունչ կյանքով։ 

Աստված կամենում է, որ քո կյանքում նոր եղանակ սկսվի։ Սպասի՛ր դրան վստահությամբ և համբերատարությամբ։ Տերը կիսատ չի թողնի քո մեջ սկսած Իր գործը։ Նա անկասկած ավարտին է հասցնելու Իր սկսածը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: