december-3 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Արդարների կյանքը լի է Տեր Աստծու լույսով

Արդարների կյանքը լի է Տեր Աստծու լույսով

Այսօր մենք ավարտում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից իններորդին․

«Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև Երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին» (Մատթեոս 5․11-12):

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից վերջինը շատ նման է նախորդին, որը նույնպես վերաբերում էր հալածվողներին։ Սակայն նախորդ երանին արդարության համար հալածվողներին էր ուղղված, իսկ վերջինը՝ Տեր Հիսուսի պատճառով հալածվողներին։ 

Ո՞րն է տարբերությունը։ Ովքե՞ր են այս առանձնահատուկ երանելի կարգավիճակում գտնվող մարդիկ։ Ինչո՞ւ է Տեր Հիսուսը հատկապես այս երանիից հետո ավելացնում «Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք» խոսքերը։ Բոլոր երանիներն էին կարևոր, բայց ինչո՞ւ է Տերը հենց ա՛յս երանիից հետո խոսում այն մասին, որ Իր պատճառով հալածանք կրողները Երկնքում մեծ վարձի են արժանանալու։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում հալածվել Տեր Հիսուսի պատճառով։ Ե՞րբ է այդ հալածանքը գալիս մարդու կյանքում։ 

Եթե հիշում եք, մենք անդրադարձել ենք այն փաստին, որ վերջին երեք երանիները ավելի շատ առնչվում են Քրիստոսին հավատացող մարդկանց վարքագծին։ Մարդկային վարքագծի կարևորագույն դրսևորումներից մեկը անհատի խոսքային վարքագիծն է։ Մեր հաղորդակցությունը և՛ ձևավորում է մեր վարքագիծը, և՛ մեր վարքագծի ցայտուն դրսևորումներից մեկն է։

Եվ այս համատեքստում ուզում եմ քո ուշադրությունը սևեռել քրիստոնեական հավատքի դրսևորման կարևորագույն հասկացություններից երկուսի վրա՝ դավանել (խոստովանել) և վկայել։ Մեր կյանքում Տեր Հիսուս Քրիստոսի պատճառով հալածանքները սկսվում են այն ժամանակ, երբ մենք սկսում ենք Նրան դավանել մարդկանց առջև և վկայել Նրա իրական լինելը, խոսում ենք մեր կյանքում Նրա կատարած գործերի մասին։

«Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես Նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում (դավանում), որպեսզի ժողովարանից չարտաքսվեն» (Հովհաննես 12․42):

Այս հատվածում մենք տեսնում ենք, որ շատերն էին հավատում Քրիստոսին, սակայն երբ նրանց հարցնում էին իրենց հավատքի մասին, նրանք չէին բացահայտում իրենց հավատքը, որպեսզի չմերժվեն հասարակության կողմից։ Այլ կերպ ասած՝ այս մարդիկ սրտանց հավատում էին Քրիստոսին, հավատում էին, որ Նա՛ է խոստացված Մեսիան՝ Աստծու Որդին, և այն ամենը, ինչն ուսուցանում էր Տեր Հիսուսը,  ճշմարտություն էր և միակ ճանապարհն էր, որը կարող էր մարդուն առաջնորդել դեպի փրկություն։ Սակայն կար մի մեծ խնդիր։ Եթե նրանք խոստովանեին իրենց հավատքը մարդկանց առաջ կամ բացահայտ կերպով դավանեին Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի հանդեպ իրենց հավատքի մասին, ապա իրենց կյանքում սկսվելու էր մի ծանրագույն հալածանք։

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հասկացությանը՝ Քրիստոսի գործերի մասին մարդկանց առջև վկայելուն, ապա պետք է շեշտեմ, որ դա Տիրոջ հանձնարարությունն է Իր յուրաքանչյուր աշակերտին․ «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1․8):

Եթե դավանելը մեր հավատքի խոստովանությունն է մարդկանց առջև, ապա վկայելը  մեր կյանքում Տեր Հիսուսի կատարած գործերի մասին մարդկանց պատմելն է։ Նա հարություն է առել և կենդանի է։ Նա լսում է մեր աղոթքները և գործում է մեր կյանքերում։ Մենք վկայում ենք Տեր Հիսուսի մասին, երբ մարդկանց պատմում ենք Նրա այն գործերի մասին, որոնց ականատես ենք եղել ինքներս և անձամբ ենք տեսել ու զգացել այն ամենը, ինչի մասին խոսում ենք։

Դավանությունն ու վկայությունը Տեր Հիսուսի մասին ճշմարտությունը մարդկանց փոխանցելն է։ Երբ մեր հոգիների թշնամին տեսնում է, որ իր աչքի առաջ ավելանում են այն մարդիկ, որ մի ժամանակ իր ստրուկներն էին՝ շղթայակապ մեղքի ու աշխարհի սկզբունքների կապանքներով, իսկ հիմա Քրիստոսի զոհի հանդեպ իրենց հավատքի շնորհիվ ազատագրված՝ վկայում են մարդկանց ճշմարտությունը հոգևոր աշխարհի ու Տեր Հիսուս Քրիստոսի մասին, նա իր իշխանության տակ գտնվող մարդկանց ուղղում է այս անվախ քրիստոնյաների դեմ ու հալածանք սկսում նրանց հանդեպ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Սուրբ Հոգով լցված ո՛չ մի քրիստոնյա չպետք է վախենա այս հալածանքից։ Տեր Հիսուսն այսօր ինձ և քեզ է դիմում այս խոսքերով․ «Ուրախացի՛ր ու ցնծա՛, որովհետև Երկնքում քո վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք քեզանից առաջ էին»։

Ինչպիսի՜ մեծ երանություն է ապրել այն գիտակցումով, որ մեր դավանության ու վկայության առաջացրած ամեն մի ապաշխարություն ավելացնում է մեր երկնային վարձքը։ Ինչպիսի՜ աներևակայելի երանություն է ապրել ու գործել, հավատալ ու վկայել այն բոլոր արժեքները, որ Տեր Հիսուսը սովորեցնում էր երանիների Իր ուսուցման մեջ։ 

Աղոթում եմ քեզ համար, որ իրապե՛ս դառնաս Տեր Հիսուսի ակնկալած երանելի մարդը, և երանիների այս ուսուցումն արմատապես փոխակերպի քո կյանքն ու հավատքի ընթացքը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: