October-26

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ հետ է…

Աստված քեզ հետ է…

Մենք գրեթե հասել ենք Եղի՛ր ուժեղ և համարձակ անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Այսօր Տերն ասում է քեզ. «քո Տեր Աստվածը քեզ հետ է․․․»:

Ջոն Նոքսը մի առիթով ասել է. «Աստծո հետ լինող մարդը միշտ մեծամասնություն է կազմում»: Այլ կերպ ասած, եթե Աստված քեզ հետ է, ուրեմն դու արդեն իսկ հաղթանակող ես։ Եվ Աստվածաշունչը հաստատում է այս միտքը. «․․․եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8.31):

Հեսուն միայնակ չէր: Երբ նա պետք է գրավեր Երիքովը, Աստված ուղարկեց Իր հրեշտակին, որպեսզի նրան փոխանցեր հաղթանակի համար անհրաժեշտ ռազմավարությունը։ Եվ դա ոչ միայն հմուտ ճակատամարտ վարելու ռազմավարություն էր, այլ գերբնական միջամտություն պարունակող ռազմավարություն, որի արդյունքում Երիքովի պարիսպները փուլ եկան փառաբանության և աղաղակի զորության շնորհիվ:

Սիրելի բարեկա՛մ, Եթե դու Աստծուն ես հուսացած, ապա երբե՛ք մենակ չես: Աստված մշտապես պաշտպանում է քեզ:

Նույն կերպ, Աստված Իր հրեշտակներից մեկին ուղարկեց Գեդեոնի մոտ։ Տե՛ս, թե ինչ է գրված Աստվածաշնչում․ «Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է» (Դատավորաց 6․12):

Գեդեոնը ամենափոքրն էր իր հայրական տանը, իսկ նրանց տոհմը ամենափոքրն էր իրենց ցեղի մեջ, որն էլ իր հերթին ամենաթույլն էր Իսրայելի ցեղերի մեջ: Աստված իսկապես զարմանալի ձևով է գործում, այնպես չէ՞: Հենց այդ պատճառով էլ կարող ես ուրախանալ այսօր, եթե դու էլ քեզ տկար ու թույլ ես զգում։ Աստված քեզ անվանում է ուժեղ տղամարդ կամ քաջ կին՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք ունես ինքդ քո մասին։

Նա է քեզ Ուղարկողը, Ով ուղարկեց Գեդեոնին և Հեսուին: Եվ մեր զորավոր Տերը, որ քեզ առաջ է մղում, հզոր պատերազմող է, որ գտնվում է քո ներսում: Եթե Դու հավատում ես Նրան և դարձել ես Նրա աշակերտը, ապա Նա քո մեջ է բնակվում։ Նա պայքարում է քո բոլոր մարտերում և միշտ հաղթող է դուրս գալու։

Այլևս երբե՛ք չվախենաս, առաջ ընթանալուց, քանի որ Աստված միշտ քեզ հետ է: Եվ եթե Նա քեզ հետ է, ապա ո՞վ կարող է լինել քեզ հակառակ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: