december-13 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Առյուծների, իժերի ու վիշապի հանդեպ քո հաղթանակը

Առյուծների, իժերի ու վիշապի հանդեպ քո հաղթանակը

Այսօր ևս շարունակում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։

«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս»։ Այս խոստումը հոգևոր աշխարհի հանդեպ ունեցած իշխանության խոստումն է։ Այն մեր ապահովության և աստվածային պաշտպանության կարևորագույն սյուներից մեկն է։ Սակայն որքա՜ն հաճախ են հավատացյալները սխալ կիրառում հոգևոր աշխարհի հանդեպ իրենց ունեցած իշխանությունը և որքա՜ն ծանր պարտություններ են նրանք կրում այդ նույն հոգևոր աշխարհից, քանի որ չեն կիրառում այն զենքերը, որ Աստված է հոգացել նրանց համար։

Սիրելի՛ բարեկամ, կարևոր է հասկանալ, որ հոգևոր աշխարհի առյուծների, իժերի և անգամ վիշապի հանդեպ հավատացյալի ունեցած իշխանությունը ուղիղ համեմատական է Տեր Աստծու Խոսքի հանդեպ այդ նույն հավատացյալի ունեցած հնազանդությանը։ Չկա հնազանդություն Տեր Աստծու պատվիրանների հանդեպ՝ չկա իշխանություն հոգևոր աշխարհում։ 

«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, հակառակվե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը» (Հակոբոս 4․7-8):

Առանց Աստծու կամքին ու Նրա Խոսքին հնազանդության ո՛չ մի հռչակում ու դավանություն չի վախեցնում դևերին ու սատանային։ Կարծում եմ՝ առանց Աստծուն հնազանդության հռչակումների ու դավանությունների սուտ վարդապետությունը մեծագույն վնաս է հասցրել շատ անկեղծ հավատացյալների, որոնք կուրորեն հավատացել են մոլորեցնողների քարոզությանը և չեն քննել իրենց լսած ուսուցումները Աստվածաշնչով։

Ահա մի դրվագ Աստվածաշնչից, որը պարզ ու հստակ սովորեցնում է, որ անգամ Հիսուսի անվան հռչակումը ո՛չ մի օգուտ չի կարող տալ հոգևոր աշխարհում, եթե այդ անունը դուրս է գալիս այնպիսի մարդկանց շուրթերից, որոնք արհամարհում և անտեսում են Տեր Հիսուսի պատվիրանները։

«Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան» (Գործք Առաքելոց 19․13-16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, դու կարող ես իշխանություն ունենալ հոգևոր աշխարհի օձերի ու կարիճների վրա, առյուծների, իժերի ու անգամ վիշապի վրա, եթե դառնաս Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը և ապրես Նրա ուսուցումներին հնազանդ կյանքով։ Հնազանդության մեջ մեծ իշխանություն կա, իսկ անհնազանդությունը գողանում է հավատացյալի ունեցած ողջ իշխանությունը։

«Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):

Աստված քեզ համար մեծագույն ապահովություն է հոգացել, և դու կարող ես ապրել Նրա պաշտպանության ներքո, եթե հասկանաս ու հավատաս այն իշխանությանը, որը Նա քեզ համար պատրաստել է հոգևոր աշխարհում, եթե ապրես Նրա հավատարիմ աշակերտի կյանքով և հնազանդվես Նրա սահմանած կարգին ու հոգևոր կյանքի սկզբունքներին։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: