
Այս ուղերձով մենք ավարտում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ մեր գոյությունը՝ որպես ազգ և պետություն, Տեր Աստծու ողորմածության արդյունքն է և իր մեջ հատուկ նպատակ ունի և հատուկ առաքելություն է ենթադրում։ Մենք այն ժողովուրդն ենք, որը հազարամյակներ շարունակ պայքարել է տարբեր կայսրությունների ու նվաճող ժողովուրդների դեմ, որոնց մեծ մասն անհետացել է պետությունների քաղաքական քարտեզից, իսկ որոշների պարագայում՝ անգամ ազգի գոյությունն է դադարել, քանի որ երբեմնի հարուստ ու զորավոր ազգերը, պարտվելով ու կորցնելով իրենց իշխանությունը, ձուլվել են մյուս ազգերի մեջ։
Սիրելի՛ բարեկամ, Աստված պահել ու պահպանել է մեր ազգը թշնամական վերաբերմունքով և մեր հանդեպ ատելությամբ լցված բազմաթիվ այլ ժողովուրդների հարևանության պայմաններում։ Ավելին, Տերը մեզ պետականություն է պարգևել, և աշխարհասփյուռ հայերն այսօր հայրենիք ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Ես հավատում եմ, որ Տերը պահել է մեր ժողովրդին և մեզ պետականություն է շնորհել, քանի որ մեզ համար հատուկ առաքելություն է սահմանել թե՛ որպես ժողովուրդ և թե՛ որպես պետություն։
Այս շարքի վերջին ուղերձի մեջ կոչ եմ անում, որպեսզի մենք միաբանվենք և աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի Տերը հայտնի մեզ մեր առաքելությունը՝ իբրև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգ։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Նոյը Աստծուն երկրպագություն մատուցելու առաջին խորանը կանգնեցրեց և պաշտեց Տիրոջը՝ որպես նոր քաղաքակրթության հիմնադիր և նահապետ։ Մենք մի ժողովուրդ ենք, որ զորավոր քրիստոնեական ժառանգություն ունենք և ունենք հազարավոր եկեղեցիներ, որոնք որպես նորօրյա խորաններ՝ արդար Նոյի հիմնած և Տեր Հիսուսի զոհաբեր արյամբ հաստատված, Նոր Ուխտի պաշտամունք են շարունակում թե՛ Հայաստանում ու թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում։
Այս ամենը խոսում է մեր առաքելության մասին՝ որպես քրիստոնյա անհատներ և որպես քրիստոնյա ժողովուրդ։ Մենք պետք է աղոթենք, որպեսզի միշտ մնանք Տեր Հիսուսի մշակները և հասկանանք, թե ո՛րն է մեր մշակության դաշտը, որի մեջ կանչված ենք։ Մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին խոսի յուրաքանչյուրիս սրտին ու հիշեցնի Տեր Հիսուսի խոսքերը, որոնք վերաբերում են մեր առաքելությանն ու Աստծու կամքը կատարելու պահանջին։
«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե որևէ մեկն իրեն համարում է քրիստոնյա, ապա պետք է լսի Քրիստոսի հանձնարարությունը Իր աշակերտներին։ Մեր առաքելությունը մյուս ազգերին փրկության միակ ճանապարհը ցույց տալն է՝ քրիստոնեության միակ ճշմարիտ ուղին և մյուս բոլոր կրոնների ու փիլիսոփայությունների՝ կործանում տանող էությունն ի ցույց դնելը։ Մենք պետք է դառնանք Քրիստոսի Ավետարանը ջահի պես վեր բարձրացրած պետություն և ժողովուրդ։ Մենք պետք է ապրենք ու սովորեցնենք իրական քրիստոնեական արժեքները և վկայենք Տեր Հիսուսի հարության ու կենդանի գործերի փաստը մեր շրջապատի մարդկանց ու ժողովուրդներին։ Մենք, որպես ազգ, ունենք առաքելություն։ Աստված մեզ պահել է առաքելության համար։
Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ մեզ հայրենիք ես պարգևել։ Մեզնից ավելի զորավոր ազգեր են կործանվել և պետություններ անհետացել աշխարհի քարտեզի վրայից։ Սակայն մենք մեր շնորհակալությունն ուզում ենք ո՛չ միայն շուրթերով ասել, այլև՝ Քո առաքելությանն անմնացորդ նվիրվելով և Քո առաքելության համար մինչև վերջ ներդրվելով։ Հայտնի՛ր Քո՝ մեզ համար պատրաստած առաքելությունը մեր բոլոր հավատացյալներին ու եկեղեցիների առաջնորդներին և Քո Հոգով զորացրու մեզ այդ առաքելությունն իմաստությամբ և զորությամբ իրագործելու համար։ Մենք ուզում ենք Քո կամքը կատարել և Քո պատվիրաններին հնազանդ ժողովուրդ լինել։ Մենք ուզում ենք, որ Քո օրհնություններն ու մեր հնազանդության ծնած բարեհաճությունը մեր ժողովրդի ու մեր երկրի վրա լինեն։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը