
Եթե դու Աստծո կանչին «այո՛» ես ասել, ապա Աստված ոչ միայն քեզ հետ է, այլև մի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քո կյանքում։ Այս փաստի գիտակցումը, վստահ եմ, զորացնելու և հաստատելու է քեզ քո հոգևոր ընթացքի մեջ։ Ահա՛, թե ինչ է մեզ փոխանցում Աստվածաշունչը. «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8.31):
Սիրելի՛ բարեկամ, իրոք, եթե Աստված որոշել է քեզ հետ լինել, ապա ո՞վ կարող է հակառակ կանգնել քեզ, երբ Աստված քո կողմից է։
Երբ Աստված կանգնած է մեկի կողքին, նրանք արդեն իսկ մեծամասնություն են։ Եթե նույնիսկ մարդն իրեն մենակ համարի, իսկ հակառակ կողմից լինի թշնամաբար տրամադրված մարդկանց մի ողջ բանակ, միևնույնն է, Աստծու հետ միասին այդ մարդը մեծամասնություն է։
Ե՛կ միասին նայենք աստվածաշնչյան այն օրինակներին, երբ Աստված որոշակի մարդկանց կողմից է եղել․
- Մովսես. Աստծու հետ նա ավելի հզոր մեկն էր, քան եգիպտական ողջ զորքը, որը խորտակվեց Կարմիր ծովում (Ելից 14.1-31)։
- Հեսու. նա տեսավ Երիքովի պարիսպների տապալումը և ի վիճակի եղավ մուտք գործելու Աստծու խոստացած կաթ ու մեղր բխող երկիրը (Հեսու 6.1-27):
- Գեդեոն. նա փոքրաթիվ զինվորներով հաղթեց մեծաքանակ զավթիչների զորքին, որոնք ճնշում էին իր ժողովրդին (Դատավորաց 6.1-40):
- Դեբորա. նա կարողացավ հաղթել օտար նվաճողներին և 40 տարի խաղաղություն եղավ Իսրայելում (Դատավորաց 5.1-31):
- Դավիթ. նա տապալեց հսկա Գողիաթին, երբ ընդամենը մի հասարակ պատանի էր (Ա Թագավորաց 17.22-58):
- Դու նույնպես Տիրոջ շնորհիվ արդեն իսկ հաղթանակ ունես այն իրավիճակում, որը քեզ ճնշում կամ ուժասպառ է անում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ մոռացիր, որ քո հոգու թշնամին՝ սատանան, ստախոս է։ Նա ցանկանում է համոզել քեզ, որ դու մենակ ես մնացել և որ Աստված մտահոգված չէ քո խնդրիներով։ Նա ուզում է այնպես անել, որ կասկածներ ունենաս Աստծու սիրո և քո կյանքում Տիրոջ կենդանի ներկայության մասին։ Ավելին՝ նա քեզ անցյալիդ հետ կապված մտքեր է ուղարկում՝ կրակոտ նետեր, որպեսզի քեզ ինքնամեղադրանքի մեջ գցի։
Հիշի՛ր այս խոսքերը, որ Աստված է քեզ ասում. «Ես այստեղ եմ, քո կողքին, և քեզ վնասողը Իմ աչքի բիբին է դիպչում… Ոչինչ չի կարող քեզ հաղթել։ Դու Իմ պաշտպանության տակ ես, Իմ աջ ձեռքը պահպանում է քեզ։ Քեզ հանդիպած բոլոր փորձություններիդ մեջ դու ավելի քան հաղթող ես Իմ Որդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, քանի որ Նա այնքա՜ն սիրեց քեզ, որ անգամ Իր կյանքը չխնայեց քեզ համար»։
Այո՛, դու Աստծո՛ւ հետ ես միաբանվել, իսկ Աստված միշտ է հաղթում։
Երբ անհանգստություններ կունենաս, ինքդ քեզ հիշեցրու, որ դու և Աստված միասին միշտ և ցանկացած իրավիճակում մեծամասնություն եք։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը