
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ այս շաբաթվա ընթացքում մենք միասին բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
Սիրելի՛ բարեկամ, որպես հեզ ու խոնարհ Թագավոր Երուսաղեմ մուտք գործելու հաջորդ օրը Տեր Հիսուսը Բեթանիայում Իր աշակերտների հետ գիշերելուց հետո կրկին վերադառնում էր Երուսաղեմ։ Ճանապարհին Նա քաղց զգաց։ Տեսնելով մի թզենի՝ Տերը մոտեցավ դրան, սակայն թզենու վրա ոչ մի պտուղ չգտավ, թեև այն փարթամ էր կանաչ տերևներով։ Տեր Հիսուսն անիծեց անպտուղ թզենուն։ Հետո Նա տաճար գնաց և խիստ հանդիմանեց այն մարդկանց, որոնք Աստծու Տունը շահույթ ստանալու վայր էին դարձրել և գումար էին վաստակում երկրպագության ու զոհաբերության համար տաճար եկող հավատացյալներից։
«Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ Եվ ասաց նրանց. «Գրված է. Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել» (Մատթեոս 21.12-13):
Տեր Հիսուսը զորավոր իշխանություն ուներ։ Նա իշխանություն ուներ կատարելու թզենու հրաշքը և իշխանություն ուներ մաքրելու տաճարը այն մարդկանցից, որոնք հակառակ էին գնում Աստծու դրած կարգին։ Նա ուզում է մեր կյանքում վերականգնել այն իշխանությունը, որով Աստված օժտել էր Ադամին ու Եվային Եդեմի պարտեզում՝ նախքան նրանց մեղանչելը։ Նրանք երջանիկ էին ու ամենօրյա կենդանի հաղորդակցության մեջ էին Տեր Աստծու հետ։ Նրանք իշխում էին ողջ արարչագործության վրա և վայելում էին Արարչի պարգևած բոլոր արտոնությունները։ Դժբախտաբար, մեղանչելով՝ նրանք կորցրին իրենց բոլոր արտոնությունները։ Իսկ այդ մեղքի հետևանքներն ազդեցին բոլոր մարդկանց վրա, այդ թվում նաև՝ ինձ ու քեզ վրա…
Բայց Տեր Հիսուսը իմ և քո փոխարեն կրեց մեղքի պատիժը, որպեսզի մենք կարողանանք «Նրա (Աստծո) հետ նստել երկնքում՝ Քրիստոս Հիսուսով» (Եփեսացիս 2․5-6)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը վճարել է այն գինը, որի շնորհիվ այսօր ես և դու կարող ենք Աստծու Թագավորության ժառանգորդը լինել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք պատերազմելու հանուն մեր Թագավորի և հանուն մեր Թագավորության։ Այդ պատերազմը հավատքի պատերազմ է։ Աշխարհն իր գայթակղություններով ու մոլորեցնողներով հանդերձ նպատակ ունի մեզնից գողանալու մեր հավատքը, որի շնորհիվ ենք դարձել Աստծու զավակներն ու Քրիստոսի ժառանգակիցները։
Մենք ոչ միայն մեր կյանքում պետք է հավատքի պատերազմի հաղթողներ լինենք, այլև մեր շրջապատի մարդկանց պետք է կարողանանք ազատագրել ստության ու խավարի իշխանության ստրկությունից։ Մենք՝ Քրիստոսով փրկագնվածներս ու Նրա ժառանգակիցներս, պատերազմ ունենք այս աշխարհի սկզբունքների ու գայթակղությունների դեմ։ Եվ մենք իշխանություն ունենք հաղթելու հավատքի բարի պատերազմը։
Հորդորում եմ քեզ, որ այսօր մտորես Տեր Հիսուսի ունեցած իշխանության մասին և գիտակցես այն մեծ գինը, որը Տերը վճարել է Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դու այդ իշխանությունը պարփակող Թագավորության ժառանգը դառնաս։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր, որ ինձ Քո զավակն ես դարձրել։ Ես Քո ժառանգորդն եմ։ Այսօր խնդրում եմ, որ զորացնես ինձ, որպեսզի կարողանամ հաղթական կերպով պատերազմել իմ հավատքի բարի պատերազմը և արժանանալ Քո գովասանքին ու Քեզ հետ ունեցած իմ ժառանգությանը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը