January-22

Գլխավոր | Հրաշքներ | Աստված անտարբեր չէ քո խնդիրների հանդեպ

Աստված անտարբեր չէ քո խնդիրների հանդեպ

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք Տեր Աստծու կարեկցանքի մասին։ Սա Տիրոջ՝ բավականին կարևոր որակներից մեկն է, որը գիտակցելը և որի մասին աստվածաշնչյան ճշմարտությունն ընդունելը կարող է օգնել քեզ բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների հաղթահարման հարցում։

Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր կյանքում լինում են պահեր, երբ մենք մեզ մենակ ու լքված ենք զգում։ Որոշ մարդկանց կյանքում նման զգացողությունն ավելի հաճախ կարող է դրսևորվել, քան մյուսների։ Սակայն, կարծում եմ, բոլորի կյանքում էլ լինում են ժամանակահատվածներ, երբ շրջապատի մարդիկ զբաղված են իրենց հոգսերով և ասես չեն նկատում քո տառապանքն ու օգնության կարիքը։ 

Հե՛նց այսպիսի ժամակահատվածներում է, որ մենք կարիք ունենք հստակ գիտակցելու, որ կա՛ Մեկը, Ով անտարբեր չէ մեր խնդիրների հանդեպ։ Աստված Ինքն է Իր մասին խոսում Աստվածաշնչում և ասում, որ սիրում է մեզ, որ մենք թանկ ենք Իր համար և որ Նա խոնարհ, ապաշխարող ու Իր կամքը սիրող մարդկանց հանդեպ առանձնահատուկ ողորմածություն ու կարեկցանք ցուցաբերող Աստված է։ 

«Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին․․․» (Ելից 34.6-7):

Մեզ երբեմն կարող է թվալ, թե Աստված լքել է մեզ, քանի որ մեր կյանք են այցելել դժվարությունները, տառապանքն ու խնդիրները։ Սակայն Աստված երբե՛ք չի լքում Իր զավակներին, որոնք սիրում են Իրեն ու հավատում են Իր խոսքերին։ Ավելին, Աստված մեր հանդեպ Իր հոգատարությունը, սերն ու կարեկցանքը նկարագրելու համար մեր նկատմամբ Իր վերաբերմունքը համեմատում է կաթնակեր մանկան հանդեպ մոր ունեցած հոգատարությանն ու խնամքին։

«Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Եսայիա 49․14-15):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, խնդիրների, դժվարությունների և անգամ չարչարանքների ընթացքը դեռ չի նշանակում, թե Աստված թողել է քեզ, լքել ու մոռացել։ Ո՛չ, դա չարի հերթական սուտն է։ Աստված սիրում է քեզ։ Չարչարանքների առկայությունը չարությամբ ու մեղքով լցված աշխարհի հետևանքն է մեր կյանքերի վրա, այլ ոչ թե Աստծու սիրո բացակայության։ Ընդհակառակը՝ չարչարանքների ու տկարության ժամանակներում ավելի զորավոր կերպով է դրսևորվում Տեր Աստծու շնորհի զորությունը։ 

«Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիներին 12.9-10):

Մեր բոլոր նեղությունների, տկարությունների, վշտերի ու հալածանքների մեջ մենք պետք է սովորենք Տեր Աստծուն ավելի մոտենալու կերպը, որպեսզի ընդունենք Տիրոջից Նրա շնորհն ու թույլ տանք, որ Քրիստոսի զորությունը մեր մեջ բնակվի։ Աստված երբե՛ք անտարբեր չէ մեր խնդիրների հանդեպ։ Պարզապես մենք պետք է սովորե՛նք Նրա շնորհն ընդունելու կերպը, ինչի մասին կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: