![December-9 December-9](https://hisus.am/wp-content/uploads/2024/12/December-9-1024x538.jpg)
Առաջիկա յոթ ուղերձների մեջ մեր նոր շարքի շրջանակներում միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ ուզում է քաջալերել ու զորացնել նաև քեզ։ Նա փափագում է հոգ տանել քո մասին ու պաշտպանել քեզ։ Ինձ համար մեծ պատիվ է ամեն օր քեզ հետ զրույց ունենալը։ Իսկ դու պատրա՞ստ ես միասին հրաշալի ընթացք ունենալուն․․․
Սիրելի՛ բարեկամ, Հին Կտակարանում կարդում ենք Աստծու ժողովրդի պատմության ու Եգիպտոսից մինչև Խոստացված Երկիր նրանց ճամփորդության մասին։ Այս ճամփորդությունն առանց խնդիրների ու առճակատումների չէր։ Սակայն, Աստված միշտ Իր ժողովրդի մեջ էր՝ նրանց հետ ու նրանց կողքին։
Այսօր ուզում եմ, որ միասին խորհենք այդ ժամանակների մի իրադարձության մասին։ Մի օր, երբ թշնամիները հարձակվել էին Իսրայելի վրա, Մովսեսն Աստծուց հատուկ ուղերձ ստացավ․․․ Նա պետք է բարձրանար լեռը և աղոթեր, իսկ Հեսուն պետք է առաջնորդեր ճակատամարտը, որը տեղի էր ունենալու հովտում՝ ճիշտ այդ լեռան տակ։
Ելից 17.11 խոսքում կարդում ենք․ «Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում»։
Մովսեսը միայնակ չէր լեռան վրա։ Ահարոնն ու Ովրը բռնել էին նրա ձեռքերը։ Այս մասին մենք կարդում ենք Ելից 17․12 խոսքում․ «Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին»։
Երբեմն մեր ընթացքի մեջ մենք կարիք ենք ունենում, որ որևէ մեկն օգնի մեզ՝ բռնի մեր ձեռքից և բարձրացնի մեր ձեռքերը։ Կարիք ենք զգում, որ ինչ-որ մեկն իր խոսքով, ժպիտով կամ քաջալերանքով զորակցի մեզ։ Իրականում, մեր այս ծառայությունը՝ մեր թիմն ու ես, հենց այդ մեկն ենք ուզում լինել քո կյանքում։ Քո ձեռքերը բարձրացնելը «Քո հրաշքն ամեն օր» ուղերձների հիմնական նպատակն է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք ուզում ենք օգնել քեզ, որ ձեռքերդ միշտ դեպի Տերը բարձրացրած պահես, և քաջալերում ենք քեզ երբե՛ք չհոգնել ու թևաթափ չլինել, եթե դեռ քո կյանքի հաղթանակները վերջնական ու ավարտուն տեսք չեն ստացել։ Հիշի՛ր, որ Աստված դեռ չի ասել Իր վերջնական խոսքը։ Եթե դու մաս ես կազմում Աստծու ժողովրդի, եթե դու Քրիստոսին ընդունել ես քո կյանքի Տեր ու Փրկիչ և հավատում ես Նրան ու Նրա ուսուցանած սկզբունքներին, ապա հաղթանակը քոնն է լինելու։ Խոստացված Երկիրը դեռ առջևում է։
Աստված քեզ շնորհել է ամեն բան, որ պետք է այս կյանքում և աստվածպաշտության քո ընթացքի մեջ հաղթական առաջընթաց գրանցելու համար (տե՛ս Բ Պետրոս 1.3 խոսքը)։
Դու կարո՛ղ ես դա անել։ Եղի՛ր ուժեղ։ Հանձնվելը ոչ թե քեզ համար է, այլ՝ թշնամու։ Դու ավելին ես, քան հաղթող Նրա հետ, Ով սիրում է քեզ։ Եվ մի՛ մոռացիր, որ Տեր Հիսուս Քրիստոսն արդեն հաղթել է մեր թշնամուն։ Նա հաղթող է, իսկ դու Նրա մեջ ավելին ես, քան հաղթող (տե՛ս Հռոմեացիս 8.37 խոսքը)։
Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որը քաջալերում է ինձ և ուժ է տալիս իմ հոգուն։ Ես նախընտրում եմ լինել ուժեղ Քո շնորհիվ, պայքարել և կրկին ու կրկին հավատալ Քեզ։ Ես հավատում եմ, որ կյանքի դժվարությունների և թշնամու գայթակղությունների դեմ պայքարի մեջ հաղթանակն իմն է լինելու, որովհետև Դո՛ւ ես այն ինձ պարգևել։ Դու հոգացել ես, որ Քո յուրաքանչյուր զավակ հաղթանակող լինի այս երկրային կյանքի ընթացքում։ Եվ մեր հաղթանակներն առաջին հերթին հոգևոր հաղթանակներ են։ Շնորհակալ եմ Քո բոլոր պարգևների և օրհնությունների համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը