Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Այսօր մի քանի աստվածաշնչյան հատված ենք քննելու, որոնք նկարագրում են հակաքրիստոսի անձը և որակները։ Դրանք իրական ու ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակն են։
Սիրելի՛ բարեկամ, մեր նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այն փաստին, որ Աստվածաշունչն է սովորեցնում իրական ու սուտ օծյալներին տարբերելու վերաբերյալ։ Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին, բնավորությանն ու փոխանցած ուսուցումներին։
«Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։ Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու Նրա անունը, Նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին» (Հայտնություն 13․5-6):
«Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։ Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է Ամենաբարձրյալի սրբերին և մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն» (Դանիել 7․24-25):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը հակաքրիստոսին ներկայացնում է որպես զորավոր մի առաջնորդ, որն ունակ է լինելու միավորել բազմաթիվ երկրներ և իր գործունեության հիմնական նպատակն է դարձնելու Աստծուն հակառակվելն ու Տիրոջ ժողովրդին՝ ճշմարիտ Եկեղեցուն հալածելը։ Նա իրեն է Աստված հռչակելու և ճնշելու է բոլորին, որոնք կմերժեն բացահայտ կերպով իրեն երկրպագելը։
Որքա՜ն ակնհայտ է իրական Քրիստոսի և հակաքրիստոսի մոտեցումների տարբերությունը։ Մեր Տերը եկավ ծառայելու, հակաքրիստոսը գալու է ծառայեցնելու մարդկանց։ Մեր Տերը ասում էր, որ Իր Թագավորությունն այս երկրից չէ, այլապես Իր զորքը կպատերազմեր Իրեն ազատելու համար, իսկ հակաքրիստոսն իր ձեռքում է կենտրոնացնելու այս երկրի տերությունների իշխանությունը։ Տերը, մարմնացյալ Աստված լինելով, սովորեցնում էր հոգով ու ճշմարտությամբ Աստծուն երկրպագելու ճշմարիտ ուղին, իսկ հակաքրիստոսը պահանջելու է բացահայտ երկրպագություն սեփական անձին։
Եթե միայն մենք մնանք հավատարիմ Աստծու Խոսքին ու մտերմության մեջ լինենք Աստծու Սուրբ Հոգու հետ, ապա բացարձակապես դժվար չի լինելու հակաքրիստոսին իրական Քրիստոսից տարբերելը։ Անգամ սուտ մարգարեի հրաշքներն ու նշաններն ի զորու չեն լինելու մոլորեցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։
«Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։ Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։ Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց» (Հայտնություն 13․11-14):
Եթե Աստվածաշնչի օգնությամբ ճանաչենք իրական Քրիստոսին, մենք հեշտությամբ տարբերելու ենք հակաքրիստոսին։ Անգամ եթե հակաքրիստոսի սուտ մարգարեն գառան տեսքով ներկայանա, միևնույնն է, նա վիշապի պես է խոսելու։ Տիրոջ հետ մտերմություն ունեցողների համար բացարձակապես դժվար չի լինելու այս տարբերությունները բացահայտելը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը