
Այսօր ավարտում ենք Աստծու Արքայությունն ու արդարությունը փնտրելուն նվիրված շարքը։ Եվ ուզում եմ քեզ մի հարց ուղղել՝ իսկ դու սրտումդ վստահ ու համոզվա՞ծ ես, որ Աստված առատաձեռն ու կարեկից Տեր է:
Սիրելի՛ բարեկամ, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Հավատա՛… կա ավելին, քան կարող ես պատկերացնել: Աստծու օրհնությունները սահմանափակ չեն և չեն սպառվում։ Միշտ կա ավելին։ Հավատո՞ւմ ես․․․ Հավատո՞ւմ ես, որ քո կյանքի համար Աստծու նախատեսած ապահովությունը, երջանկությունն ու երազանքները չեն սպառվել ու դեռևս գալու են քո կյանք: Կա ավելին․․․ Կան օրհնություններ, որոնք ճանապարհին են․․․
«․․․Ավելիով ձեզ կտրվի» արտահայտության մեջ «ավելիով» բառը նշանակում է առատությամբ կամ կրկին ու կրկին։ Տեր Հիսուսն Իր Արքայությունն ու արդարությունը փնտրողների համար ամեն օր ավելի շատ խաղաղություն, ավելի շատ ուրախություն և ավելի շատ արդարություն է պատրաստել։ Նա ավելի շատ կյանք է լցնում այն մարդկանց առօրյայի մեջ, որոնք որոշում են սիրել Աստծու կամքն ու իրենց կյանքերում հաստատել այդ կամքի գերիշխանությունը։ Եվ Տերը այս և շատ այլ օրհնություններ հավատարիմների կյանք է ուղարկում ավելիով։
Եփեսացիս 3․20 խոսքում կարդում ենք. «Բայց Նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում․․․»։
«Առատությամբ» բառը հունարեն բնագրում «perissos» բառն է: Այն ունի «սպասվածից ավելին» իմաստը: Ահա՛ և բարի լուրը. Աստված ավելին է մտադիր անել քո կյանքում, քան միայն քո կարիքներին ու հոգսերին արձագանքելը։ Նա ուզում է լիուլի լցնել քեզ Իր օրհնություններով ու քաղցր ներկայությամբ, Իր սիրով և Իր կյանքով։ Մի անպատմելի ժառանգություն կա, որ պահված է միայն Աստծուն սիրող ու Նրան հավատարիմ զավակների համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատա՛, որ քեզ համար է այդ սքանչելի ժառանգությունը։ Ավելի՛ն կա քեզ համար՝ քո ընտանիքի, քո ամուսնության, քո ուսման, քո առողջության և քո կյանքի մյուս բոլոր ոլորտների համար այն ժառանգության մեջ, որը քո երկնային Հայրը առանձնացրել է հե՛նց քեզ համար։
Գաղատացիս 4․6-7 հատվածում կարդում ենք․ «Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ Իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև՝ ժառանգ Աստծու միջոցով»։
Ո՞րն է քո ժառանգությունը։ Հավիտենական կյանք, սակայն՝ ո՛չ միայն։ Նաև խոստումներ այս կյանքի համար։ Եթե միա՜յն փնտրես Աստծու Արքայությունը և Նրա արդարությունը, ես ավելի, քան վստահ եմ, որ Աստված լիարժեք կգործի քո կյանքում։ Աստված կարո՛ղ է հոգալ քո կյանքի բոլոր կարիքներն ու հոգսերը։ Նրանն է ամենը, և Նա՛ է տիրում այս տիեզերքում։
Այսօր բացի՛ր քո սիրտը Նրա առջև․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը