November-27 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Դու Արքայության ժառանգներից մեկն ես

Դու Արքայության ժառանգներից մեկն ես

Ի՞նչ է Աստծու Արքայությունը: Հետաքրքիր է նշել, որ «Աստծու Արքայություն» կամ «Երկնքի Արքայություն» արտահայտությունները Աստվածաշնչում հիշատակվում են մոտ հարյուր անգամ: Համեմատության համար նշենք, որ երկու շատ կարևոր բառերից մեկը՝ «ավետարան» բառը հիշատակված է 90 անգամ, իսկ մյուսը՝ «եկեղեցի» բառը՝ կրկին մոտ հարյուր անգամ։

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):

Սիրելի՛ բարեկամ, մենք բոլորս համոզված ենք Ավետարանի՝ Տեր Հիսուս Քրիստոսով փրկվելու Բարի Լուրի կարևորության մեջ։ Բոլորս համոզված ենք ճշմարիտ Եկեղեցու՝ Քրիստոսի Հարսի կարևորագույն դերակատարման հարցում: Սակայն, շատերը չեն գիտակցում Աստծու Արքայության կարևորությունը։

«Արքայություն» բառը նշանակում է «արքայի իշխանության տարածման տիրույթ», իսկ դրա ստուգաբանությունը մատնանշում է այն, «ինչը պատկանում է Արքային»։ Տեր Հիսուսը տիեզերքի Արքան է։ Եվ Նրա Արքայությունը նման չէ որևէ այլ թագավորության և որևէ այլ տիրապետության այս Երկրի վրա:

«Որովհետև Աստծու Արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիս 14․17):

Երբ Տեր Հիսուսը պատվիրում էր մեզ, որպեսզի նախ փնտրենք Աստծու Արքայությունը, իրականում, Նա առաջարկում է մեզ փնտրել Նրան, Ով ներկայացնում է այդ Արքայությունը՝ Նրա սկզբունքներն ու արժեհամակարգը, այն արժեքները, որոնք Նա մարմնավորում է Իր անձի մեջ՝ արդարությունը, խաղաղությունը, սերը, խոնարհությունը, բարությունը, հեզությունը, հավատարմությունը, կարեկցանքը, զոհաբեր նվիրվածությունը, նրբանկատությունը, քաջությունը և այլն:

Եթե դու հավատում ես Տեր Հիսուսին և որոշել ես դառնալ Նրա աշակերտն ու քո կյանքում կիրառել Նրա ուսուցանած կենսակերպն ու սկզբունքները, ապա կարող ես վստահ լինել, որ դու պատկանում ես Նրա Արքայությանը, որ Տեր Հիսուսը քո բարի ու հոգատար Թագավորն է, և որ Նրա իշխանության ներքո տիրում են արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունը:

Աստվածաշունչը ավելին է ասում այս առումով․ դու ոչ միայն համարվում ես Աստծու Արքայության մի մասնիկը, այլև Նրա Արքայության ժառանգորդն ես: Դու տերերի Տիրոջ և թագավորների Թագավորի սիրելի զավակն ես, և Նա քեզ քո անունով է կանչում: Դու տեղ ունես Նրա սեղանի շուրջ, և Նա քեզ համար անթիվ ու անհամար գանձեր է պատրաստել: Այդ գանձերը միշտ չէ, որ նյութական արժեքներ են։ Սակայն հենց մեր կյանքի հոգևոր գանձերն են, որ մեզ դարձնում են երանելի ու երջանիկ։ Եթե դու Քրիստոսի մեջ ես, ապա այն ամենը, որ Նրան է պատկանում, նաև քոնն է:

«Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք» (Հռոմեացիս 8․17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, նախ փնտրի՛ր Աստծու Արքայության Արքային և Նրա կամքին հնազանդվելը, որպեսզի Նրա իշխանությունը տարածվի նաև քո կյանքի վրա, և հետո ժառանգակից կդառնաս այն ամենին, ինչը Նրանն է։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: