Մենք ավարտում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Հուսով եմ՝ ուղերձների այս շարքը նույնպես օգտակար էր քեզ համար և նպաստեց քո հոգևոր աճին ու Տեր Հիսուսի հետ քո հարաբերությանը։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ մենք կրկին անդրադառնալու ենք հոգևոր տեսողության թեմային։
Սիրելի՛ բարեկամ, հոգևոր կուրությունը մարդու մեծագույն արատներից մեկն է և մարդու կյանքի մեծագույն աղետների պատճառներից մեկը։ Հոգևոր տեսողությունը մեծագույն օրհնություն կարող է լինել ցանկացած մարդու համար։ Տեր Հիսուսը տվեց Լավոդիկեի եկեղեցու գնահատականը հոգևոր տեսողության առումով։ Լավոդիկեի եկեղեցին հոգևորապես կույր էր, քանի որ անկարող էր սթափ գնահատել իրավիճակը, չէր տեսնում Տեր Հիսուսի հաստատած հոգևոր սկզբունքները և չէր էլ նկատում Սուրբ Հոգու հանդիմանություններն ու խրատները, որոնք միտված էին եկեղեցու անմխիթար վիճակը շտկելուն։
Լավոդիկեի եկեղեցին հոգևորապես կույր էր։ Այս եկեղեցին գոհ էր իր հոգևոր կյանքից ու ծառայությունների ընթացքից, մինչդեռ Տեր Հիսուսը ցավում էր նրանց համար, քանի որ, իրականում, Տիրոջ գնահատմամբ՝ նրանք թշվառ էին, ողորմելի, աղքատ, կույր ու մերկ․․․
Իսկ ի՞նչ վիճակում է մեր հոգևոր տեսողությունը։ Արդյոք մենք նո՞ւյնպես գնահատում ենք մեզ այս աշխարհի չափանիշներով կամ մեր սեփական պատկերացումներով, թե՞ մեր հոգևոր վիճակի գնահատականը կազմավորում ենք Տեր Հիսուսի փոխանցած հոգևոր սկզբունքների և ուսուցանած ճշմարտությունների հիման վրա։ Հոգևոր տեսողությունը կապ ունի Տեր Հիսուսի հետ։ Միայն Նա կարող է բացել հոգևորապես կույր մարդու աչքերը։
«Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի» (Մատթեոս 6.22-23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ դեղամիջոց է Տեր Հիսուսը առաջարկում հոգևոր կուրություն դեմ։ Ի՞նչը կարող է մարդուն հոգևոր տեսողություն պարգևել։ Կրկին և կրկին մենք նույն պատասխանն ենք ստանում Տիրոջից՝ ապաշխարությունը։
«Ում Ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր» (Հայտնություն 3․19):
Տերը դեղամիջոց ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հասկանալ ու տեսնել այն, ինչը հասանելի չէ այս աշխարհի չափանիշներով ապրող մարդկանց։ Տերը դեղամիջոց է առաջարկում, որը կբժշկի ցանկացած մարդու և ցանկացած եկեղեցու հոգևոր տեսողությունը։
Մեր բաժինը ապաշխարելն է՝ ապաշխարել մեր հոգևոր ընթացքին առանց Տեր Հիսուսի կարծիքը հարցնելու գնահատական տալուց։ Ապաշխարել առանց Տեր Հիսուսի կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելուց։ Եվ ապաշխարել մեր հոգևոր կյանքը մարդկանցից գովասանք ու գնահատանք ընդունելու համար կազմավորելուց։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը