Մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Այս ուղերձի մեջ մանրամասն ուսումնասիրելու ենք Տեր Հիսուսի խորհուրդն իրական հարստության մասին։ Տերը Լավոդիկեի եկեղեցուն խորհուրդ էր տալիս Իրենից կրակի մեջ թրծված ոսկի գնել, որպեսզի իրապես հարուստ լինի, այլ ոչ թե ընկնի այս աշխարհի հարստության խաբկանքների մեջ (տե՛ս Հայտնություն 3․18 խոսքը):
Սիրելի՛ բարեկամ, ի՞նչ ոսկու մասին էր խոսում Տերը, որը միայն Ինքը կարող է մեզ փոխանցել։ Ի՞նչն է մարդուն իրապես հարուստ դարձնում Տեր Հիսուսի աչքերում։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչն է մարդուն հարուստ դարձնում այս աշխարհի մարդկանց աչքերում։ Սակայն, որքան Տեր Աստված է մեծ ու զորավոր այս աշխարհի մարդկանցից, այնքան իրապես հարուստ լինելու աստվածային բացատրությունը կարևոր ու մեծ է այս աշխարհում հարստության վերաբերյալ մարդկանց ունեցած պատկերացումներից։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է գանձեր դիզել իր անձի կամ Երկնքի Արքայության համար։ Իրենց անձի համար գանձեր դիզողներին՝ այս երկրային հարստության համար ներդրվող մարդկանց, Աստվածաշունչը «անմիտներ» է անվանում։ Իսկ Երկնքում գանձեր դիզելը Տեր Հիսուսի հանձնարարությունն ու խորհուրդն էր բոլոր ողջամիտ մարդկանց։ Ահա՛ թե ինչ է ասում Աստված այս աշխարհի հարստության համար իր կյանքը ներդրած մարդուն․
«Բայց Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ» (Ղուկաս 12.20-21):
«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.19-21):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյոք Աստվածաշունչը մեզ փոխանցո՞ւմ է Երկնքում գանձեր դիզելու գործնական կերպը։ Եթե մարդը հավատում է երկնային իրականությանը և փափագում է հնազանդվել Երկնքում գանձեր կուտակելու Տեր Հիսուսի հորդորին, ապա ինչպիսի՞ քայլեր է նրանից ակնկալում Աստված։
«Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն» (Ա Տիմոթեոս 6․17-19):
Աստված ակնկալում է, որ մարդը հարստանա բարի գործերով, առատաձեռնությամբ և իր ունեցածից մյուսների համար բաժին հանելով։ Սա՛ է Երկնքում գանձեր դիզելու կերպը։ Հե՛նց այսպիսի հարստություն էր Տեր Հիսուսը առաջարկում Լավոդիկեի եկեղեցուն։ Իրական հարստությունը, որը ես և դու կարող ենք կուտակել Երկնքում։ Այս հարստությունը ոչ ոք չի կարող մեզնից գողանալ։ Այս երկնային գանձերն ունեցողն է հարուստ համարվում Տեր Աստծու աչքերում։
Մեր եկեղեցիների և մեր անձնական բյուջեները ակնհայտ ու հստակ կերպով խոսում են այն մասին, թե որտեղ ենք մենք կուտակում մեր գանձերը՝ Երկնքո՞ւմ, թե այստեղ՝ այս երկրի վրա և այս աշխարհի ժամանակավոր ունեցվածքի մեջ։ Այսօր Տերը ինձ և քեզ է ուղղում այս խոսքերը՝ «․․․ գնի՛ր Ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը