November-5

Գլխավոր | Հրաշքներ | Հաջողված եկեղեցու իրական չափանիշը

Հաջողված եկեղեցու իրական չափանիշը

Այսօր մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Մեր առաջին ուղերձի մեջ քննեցինք ու տեսանք, որ Լավոդիկեի եկեղեցու ընթացքն ու աստվածապաշտության սկզբունքները բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի կամքին ու փոխանցած ուսուցումներին։ Հե՛նց այդ պատճառով էր Տերը թակում նրանց դուռը, որպեսզի կրկին մուտք ունենա դեպի Լավոդիկեի հավատացյալների սրտերը և հեռացնի նրանցից բոլոր մոլորություններն ու խաբեությունները։ 

Սիրելի՛ բարեկամ, առաջին մոլորությունը և ամենամեծ խաբվածությունը, որ ուներ Լավոդիկեի եկեղեցին, սեփական ընթացքն ու եկեղեցու իրական վիճակը ճիշտ գնահատելու անկարողությունն էր։ Այդ եկեղեցին բավականին մարդաշատ էր, ֆինանսապես հարուստ, և գնալով ավելի ու ավելի շատ ֆինանսներ էր ներգրավում։ Լավոդիկեի եկեղեցին կարողանում էր հոգալ իր բոլոր կարիքները և բավականին լուրջ ծրագրեր էր իրականացնում։ 

Սակայն ներկայացված բոլոր ձեռքբերումները հաջողված եկեղեցու չափանիշներ չեն և երբե՛ք էլ չեն եղել։ Եկեղեցու մարդաշատ լինելը դեռ չի խոսում այդ եկեղեցու հաջողված լինելու մասին։ Ֆինանսապես հարուստ եկեղեցին նույնպես դեռ չի կարող համարվել հաջողված եկեղեցի։ Իրականացվող ծրագրերը, բարեգործություններն ու ավետարանչությունները, համաժողովներն ու մեծ շուքով անցկացվող երեկույթները նույնպես չեն խոսում եկեղեցու հաջողված լինելու մասին։

Այդ դեպքում որո՞նք են հաջողված եկեղեցու չափանիշները։ Տեր Հիսուսը հատուկ խոսք է ուղղում Լավոդիկեի եկեղեցուն և բացահայտում է թե՛ սխալ ինքնագնահատականի մոլորությունը, և թե՛ հուշում փոխանցում հաջողված եկեղեցու իրական չափանիշների մասին։ Եվ որպեսզի նաև մենք հասկանանք սխալ ինքնագնահատականի մոլորության ողբերգական ազդեցությունը ցանկացած եկեղեցու վրա, Տեր Հիսուսն Ինքն է բացահայտում Լավոդիկեի եկեղեցու իրական վիճակը։

«Որովհետև ասում ես. “Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես» (Հայտնություն 3․17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպե՞ս է հնարավոր, որ եկեղեցում ամեն բան արտաքինից լավ լինի՝ նոր մարդիկ,  բազմամարդ եկեղեցի, բավականին մեծ բյուջե և տարբեր նախագծեր, սակայն Տեր Հիսուսի գնահատականն այդ եկեղեցուն լինի՝ դու թշվառ ես ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ․․․

Աղոթում եմ, որ այս խոսքերը յուրաքանչյուրիս մղեն խորը անձնաքննության։ Մեր հաջորդ ուղերձի մեջ մենք կուսումնասիրենք Լավոդիկեի եկեղեցուն Տեր Հիսուսի առաջարկած դեղամիջոցները։ Սակայն այսօր պետք է հստակ ընդունենք այս ուղերձի դասը՝ քանի դեռ չենք բացահայտել մեր թերացումներն ու հոգևոր հիվանդությունները, մենք երբե՛ք չենք կարող բժշկություն ընդունել մեր ողորմած ու գթառատ Աստծուց։ Ցանկացած բուժման առաջնային և կարևորագույն բաժիններից մեկը ճիշտ ախտորոշումն է։ 

Հպարտները երբե՛ք չեն ընդունում սեփական սխալները և չեն տեսնում իրենց թերացումները։ Նրանք հատուկ մասնագիտացում ունեն մյուսների սխալները նկատելու գործում։ Խոնարհները կարողանում են քննել իրենց ընթացքը, կյանքի սկզբունքները և նկատում են ու շտկում սեփական թերացումները։ 

«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4.6):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: