October-23 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Մարդկանց հետ խաղաղության կարևորությունը

Մարդկանց հետ խաղաղության կարևորությունը

 Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք Տեր Աստծու հետ իրական հանդիպում ունենալու կարևորագույն նախապայմանի՝ սրբության փափագ ունենալու մասին։ Մենք անդրադարձանք նաև այն կարևորագույն ճշմարտությանը, որ սրբությունը անսխալական կյանքը չէ, այլ՝ Տեր Հիսուսի խոսքերին հավատալը և Նրա պատվիրաններով ու սկզբունքներով ապրելու փափագ ունենալը։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում մի զորավոր պնդում կա, որը հե՛նց մեր թեմային է վերաբերում։ Աստված Իր Խոսքի մեջ Իրեն հավատացողներին հստակ ասում է, որ առանց սրբության ոչ ոք Աստծուն չի կարող տեսնել։ Սակայն միայն սրբության բացակայությունը չէ, որ կարող է խոչընդոտ լինել սուրբ Աստծու հետ իրական հանդիպում ունենալու հարցում։ Աստված ևս մեկ նախապայման է դնում Իր հետ հանդիպում փափագող մարդկանց համար։

«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12․14):

Առանց սրբության ոչ ոք Աստծուն չի կարող տեսնել։ Աստծուն ոչ ոք չի կարող տեսնել նաև առանց մարդկանց հետ խաղաղության հարաբերություն ունենալու։ Ինչո՞ւ է կարևոր այս նախապայմանը Տեր Աստծու համար։ Ի՞նչ կապ կարող է լինել մարդկանց հետ մեր ունեցած հարաբերությունների և Տեր Աստծու ներկայության մեջ մուտք գործելու իրավունք ունենալու միջև։ 

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5․9):

Բոլոր մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի՝ խաղաղարարների և կռվարարների։ Յուրաքանչյուր հարաբերության մեջ կարող են ծագել կոնֆլիկտային իրավիճակներ։ Հարաբերությունների հենց այսպիսի ճգնաժամերի ժամանակ է երևում՝ մարդը կռվարա՞ր է, թե՞ խաղաղարար։ Կռվարարներն իրենց խոսքերով ու վարմունքով թեժացնում են ծագած կոնֆլիկտային իրավիճակը։ Իսկ խաղաղարարները, ընդհակառակը, իրենց իշխանության սահմաններում փորձում են մարել կոնֆլիկտը դեպի խաղաղություն տանող խոսքերով ու վարքագծով։ 

Հե՛նց խաղաղարարներն են, որ Աստծու որդիներ են։ Հե՛նց խաղաղարարների համար է Տեր Աստծու ներկայության քաղցրությունը։ Կռվարարները և վեճեր բորբոքողները, չարախոսներն ու բամբասողները երբե՛ք չեն կարող մուտք գործել Տիրոջ իրական ներկայության մեջ։ Նրանք միայն կարող են Տիրոջ ներկայության մեջ մտնելու անիրական նմանակումներ անել, բայց չեն կարող հանդիպել իրական ու միակ ճշմարիտ Աստծուն, քանի դեռ չեն ապաշխարել իրենց կռվարարությունից, եսակենտրոնությունից ու մեծամտությունից։ 

«Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․17-18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛զավակ, իսկ ինչպիսի՞ն ես դու մարդկանց հետ հարաբերություններում։ Խոսքը քեզ սիրողների և քեզ լավ ու հարգալից վերաբերվողների մասին չէ։ Ինչպիսի՞ն ես դու կոնֆլիկտային իրավիճակներում։ Ինչպիսի՞ն է արձագանքդ քո հանդեպ մարդկանց գործած սխալներին։ Դու խաղաղարա՞ր ես, թե՞ կռվարար։ Ուզո՞ւմ ես հանդիպել Աստծուն։ Դու կարո՛ղ ես հանդիպել Նրան, սակայն երբե՛ք չմոռանաս Աստվածաշնչի փոխանցած այս ճշմարտությունը՝ «Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: